18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Միջոցառման շրջանակներում կատարվել է պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողներիօրհնության կարգ:

Սահմանային գոտում մարտական հերթապահություն իրականացրած լավագույն ժամկետային զինծառայողներից 25-ը Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան Հայրապետական թեմի կողմից պարգևատրվել են Ս. Սարգիս Զորավարի խորհրդանշական զարդապատկերով ու տոնը խորհրդանշող հուշանվերներով: Խրախուսման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Առաջնորդարանում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը զինվորների հետ ներկա են եղել նրանց ընտանիքի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան զինվորականներ:

Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել.

«Հարգելի՛ ծնողներ,
Սիրելի՛ զինվորներ,

Ես մեծ հաճույքով շնորհավորում եմ ձեզ այսօրվա տոնի՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Զորավար Սարգիսը զինվորականության, երիտասարդության, սիրո ու հավատարմության, այսինքն` անդավաճան լինելու սուրբն էր: Ուստի, հատկապես այսօր ես ուզում եմ շնորհավորել այստեղ ներկա մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել են Հայրենիքի զինվորի: Հայրենիքի զինվոր կարող է լինել նա, ով գիտակցում է, ով համոզված է, որ մեր Հայրենիքի անվտանգությունը, մեր Հայրենիքի պաշտպանությունը կախված է մեզնից յուրաքանչյուրից: Եվ այդ մեծ, բազմամարդ կոլեկտիվում եթե մեկը իր պարտականությունները կատարում է թերի, ապա մնացածի վրա է բարդվում հավելյալ դժվարությունը: Հայրենիքի զինվոր կարող է դառնալ նա, ով գիտակցում է, որ լիարժեք կատարելով իր պարտականությունը, իր պարտքը՝ նա առաջին հերթին պաշտպանում է իր ծնողներին, պաշտպանում է իր քույրերին, եղբայրներին, իր ապագա երեխաների մորը, իր հայրենի օջախը և այս հավաքականության մեջ՝ մեր Հայրենիքը:

Սիրելի՛ զինվորներ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր անկախ սոցիալական վիճակից, շատ մեծ դժվարությամբ, տառապանքով ձեզ ծնել, դաստիարակել ու կրթել են, և դուք դարձել եք մեր Հայրենիքի լիարժեք քաղաքացիներ: Իմ խորին շնորհակալությունը ձեզ, սիրելի՛ ծնողներ:

Ուզում եմ, սիրելի՛ զինվորներ, ձեզ մաղթել բարի ծառայություն, անփորձանք ծառայություն: Ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, Պաշտպանության նախարարը, որպես մարդ, որ քսանչորս ժամ զբաղված է մեր Զինված ուժերի բոլոր գործերով ու խնդիրներով, ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք ունենաք ժամանակակից սպառազինություն, որպեսզի այն հատվածում, որտեղ դուք պատասխանատվություն եք կրում՝ լարվածություն չլինի: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք մեր Հայրենիքի պաշտպանությունը, անվտանգությունը երբեք առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնի: Վստահ եղեք, որ ձեզնից առաջ ծառայողների, նաև, անշուշտ, մեր նահատակված զինվորականների վաստակը լինելու է այն հիմքը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը դառնալու է անխոցելի, ուժեղ պետություն: Եվ որպես փոքրիկ ուշադրություն ձեր լավ ծառայության, ես խնդրել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի ձեզնից այսօր ծառայության մեջ գտնվող զինվորներին հատկացնի 10-օրյա արձակուրդ, որպեսզի կարողանաք ձեր ծնողների, մերձավորների հետ անցկացնել այս մի քանի օրը:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի լինելու համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ