Քոքոբելյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողություն մաղթեց
‘’Ազատ դեմոկրատներ’’ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեկնաբանել է ԱԺ ”Ժառանգություն” խմբակցությունից դուրս գալու իր որոշումը, որի մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ի պատասխան Henaran.am-ի հարցին, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ որոշումը կայացվել է ի կատարումն հոկտեմբերի 22-ին կայացված իրենց հայտարարության:
“’Սա կապ չունի ընտրությունների հետ, ես ուղղակի մեր հայտարարությանը օրինական ուժ տվեցի: Ձեւական բնույթ էր կրում ”Ժառանգություն” խմբակցությունում իմ ներկայությունը, դե ֆակտո ես խմբակցությունը չէի ներկայացնում: Այդ մասին ես հայտարարություն արել էի’’,-նշեց Խաչատուր Քոքոբելյանը, որն այսուհետ հանդես կգա որպես ‘’Ազատ դեմոկրատներ’’-ը ներկայացնող անկախ պատգամավոր:
Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չի տա որեւէ այլ մեկնաբանություն, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր քարոզարշավի մեջ է. ‘’Իրեն հաջողություն եմ մաղթում եւ որեւէ այլ մեկնաբանություն չեմ անում’’:
Ինչ վերաբերվում է ‘’Ժառանգություն’’ խմբակցության մեկ այլ` “Ազատ դեմոկրատների’’ պատգամավորի` Ալեքսանդր Արզումանյանին, ապա օրենքը նրան հնարավորություն չի տալիս դուրս գալ խմբակցությունից: ‘’Օրենքը թույլ չի տալիս ԱԺ ֆրակցիաներում ընդգրկված պատգամավորներին, որոնք առաջին եռյակում չեն եղել, դուրս գալ ֆրակցիայից’’,-այս կապակցությամբ նշեց Խաչատուր Քոքոբելյանը` հավելելով, որ հայտնի իրադարձություններից հետո ինքը եւ պարոն Արզումանյանը ներկայացնում են ‘’Ազատ դեմոկրատներ’’-ը:
Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ “Ժառանգություն” խմբակցությունից դուրս գալը իրեն չի խանգարի իր գործառույթներն իրականացնել խորհրդարանական բարեկամական խմբերում որպես ազատ պատգամավոր: