Ես միանշանակ դուրս չեմ գա ՀԱԿ-ից. Ստեփան Դեմիրճյան
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ինքնազգացողությունն արդեն լավ է: Նա կշարունակի հաճախել ԱԺ նիստերին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը վիրահատությունների էր ենթարկվել եւ երկարատեւ բացակայությունից հետո ներկա էր ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի անդրանիկ նիստին:
Անդրադառնալով ՀԱԿ-ի ներսում ընթացող խմորումների մասին հարցին` Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ ՀԱԿ-ից դուրս չի գա: ‘’Կարծում եմ, որ թե ՀԺԿ-ն, թե մյուս կուսակցությունները պետք է փորձեն ՀԱԿ գործունեությունը դարձնել առավել արդյունավետ,-նշել է նա` հավելելով.”Ոչ , ես միանշանակ դուրս չեմ գա ՀԱԿ-ից’’:
Դիտարկմանը, արդյոք սա նշանակում է, որ ՀԺԿ-ն բարոյական պատասխանատվություն է զգում, դրա համար չի դուրս գալիս Կոնգրեսից, թե ավելի լավատես է ՀԱԿ-ի ապագայի նկատմամբ, Ստեփան Դեմիրճյանն ասել է.’’Մենք միշտ էլ ամեն ինչ արել ենք ուժերի համախմբման համար, միշտ էլ ՀԺԿ-ն եղել է համախմբող ուժ եւ ՀԱԿ-ի գործունեությունը դրանից է բխում է’’:
Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններին, ՀԺԿ առաջնորդը նշել է, որ ՀԺԿ-ն մշտապես եղել է այն կուսակցությունը, որը ակտիվորեն մասնակցել է նախագահական ընտրություններին եւ որի պաշտպանած թեկնածուները փաստացի հաղթել են նախագահական ընտրություններում, իսկ այս այս անգամ չի մասնակցում:
Ընտրություններին չմասնակցելու եւ նախկին վարչապետ, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին չսատարելու որոշման վերաբերյալ Ստեփան Դեմիրճյանը նշել է.
’’Այս որոշումը քննադատության չէր դիմանա, եթե երաշխավորվեին ազատ, արդար ընտրությունները, եթե պատժված լինեին նախորդ ընտրություններում կեղծիքներ իրականացրած անձինք, եթե պատասխանատվության ենթարկվեին մարտի մեկի սպանդի մեղավորները’’:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հարկավոր էր ուժեղ ընդդիմադիր բեւեռ ստեղծել, ինչն այս անգամ չհաջողվեց: Դեմիրճյանը հավելել է, որ սա չի նշանակում, թե ՀԺԿ-ն դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը. ’’Ի վերջո, այս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում’’:
Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի շուրջ. Դեմիրճյանը հույս է հայտնել, որ իրավապահները կբացահայտեն եւ կպատժեն հանցագործին: Ստեփան Դեմիրճյանը առողջություն է մաղթել Պարույր Հայրիկյանին` հրաժարվելով ենթադրություններ անել մահափորձի հեղինակների եւ հնարավոր վարկածների մասին :