Ադրբեջանն այս տարի կփորձի իրեն համեստ պահել
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԽԽՎ հակահայկական բանաձեւերին, ասել է, որ ԵԽԽՎ-ի այս կամ այն տիպի բանաձևը աշխարհում մեծ նշանակություն չունի, դա հիմնականում լրատվական դաշտում է աղմուկ բարձրացնում:
«Հենց Եվրոպայի ներսում լուրջ խնդիրներ կան` կապված կոռուպցիայի հետ: Ասել, որ այդ բանաձևերը մեծ նշանակություն ունեն, ճիշտ չէ: Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա ասեմ, որ լարվածության աճը կամ նվազումը կապված չէ այդ բանաձևերի հետ: Դա կապված է նույն Թուրքիայի, նույն Ադրբեջանի վարած քաղաքականության հետ»,-ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս տարի Ադրբեջանը կփորձի իրեն համեստ պահել՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ:
«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն Ռուսաստանի համար երրորդ ճակատ բացել ղարաբաղյան հատվածում, ապա կոշտ պատասխան կստանա»,- ասաց նա։
Անդրադառնալով Իրանի նկատմամբ եղած պատժամիջոցների չեղարկմանն ու այն հարցին, թե ինչպես կարող է այն անդրադառնալ Հայաստանի վրա՝ բանախոսն ասել է, որ սա լուրջ գործոն կարող է լինել Հայաստանի համար:
«Հայաստանի համար լուրջ հնարավորություններ են ստեղծվում, խոսվում է ազատ առևտրի գոտու մասին, բայց միևնույն ժամանակ մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք: Իրանը յուրովի իսլամական երկիր էնրա հետ հարաբերություններում մենք պետք է փորձենք գիտատար ապրանքներով հանդես գալ: Միայն գյուղատնտեսական ապրանքներով մենք շատ մեծ հաջողությունների չենք հասնի»,-ասաց Գագիկ Հարությունյանը: