Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի զարգացման ծրագիրը
ՀՀ կառավարությունը այսօր կայացած նիստի ժամանակ հաստատեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016 թվականի ծրագիրը և դրա կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ծրագրի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական, գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած, համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը:
«Ծրագրի իրագործման արդյունքում, մասնավորապես, ակնկալվում է՝ ՏՏ ոլորտի զարգացման միտումների վերլուծություն ու մարտահրավերների ուսումնասիրություն, ոլորտի նվաճումների ներկայացում, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակում, ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի արդյունավետ վարում, ՏՏ ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացում: Մասնավորապես, հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում, «Մ այքրոսոֆթ», «ԱյԲիԷմ» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման և այլ համատեղ ծրագրերի իրականացում»,- ասաց Ճշմարիտյանը:
ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2016թ. ծրագրի համար հատկացվել է 98 մլն 660 հազ դրամ:
Միջոցները կուղղվեն ՏՏ ոլորտի հետազոտության, ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի և ներկա իրավիճակի վերլուծության թարմացմանը, «ICT Stat» համակարգի սպասարկմանն ու թարմացմանը, «Գիտության և Տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի կազմակերպմանը, «Դիջիթեք 2016» ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորմանը, Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպմանը, ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պ արբերաբար արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպմանը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2016» համաժողովի, ինչպես նաև ԱՄՆ-ում «ԱրմԹեք 2016» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպմանը: