18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուտսիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլաոս Վուտսիսին՝  Հունաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-հունական բազմադարյա ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները հետայսու եւս կշարունակեն զարգանալ: Երկուստեք կարեւորվել են փոխայցելությունները եւ գործնական սերտ շփումները:

«Նախորդ դարասկզբին հայերը եւ հույները որպես քրիստոնյաներ ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում: Մենք բարձր ենք գնահատում Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը, իսկ հետագայում՝ ռասիզմի եւ այլատյացության դեմ օրինագծի ընդունումը, որով քրեականացվեց նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը: Հարկ է նշել, որ դեռեւս Օսմանյան Թուրքիայում Հայկական հարցը հայերի հետ առաջինն արծարծել են Օսմանյան խորհրդարանի հույն անդամները: Հայերը եւ հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Նիկոլաոս Վուտսիսը գոհունակություն է հայտնել, որ անցյալ տարվա մարտի 24-ին  Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել բանակցային ձեւաչափի փոփոխության փորձերը:

Հունաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին նշել է, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ