Հայրիկյանը կարող է շահել այս իրավիճակում. Ադիբեկյան
“Չարագործին գտնելը ոստիկանության խնդիրն է: Նա այն անձն է, որը մի կտոր թրիք ցանկացավ գցել խաշի մեջ, աղմուկ բարձրացնել, եւ ամեն ինչ փչացնել: Այսօր լրագրողներին մինչ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վարկանիշը ներկայացելը ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Երեկվա սոցհարցումներից պարզ է դարձել, որ Հայրիկյանի ճանաչելիության ինդեքսը երեկ 50 տոկոսից 80-ի է վերածվել եւ գերազանցում է Րաֆֆի Հովհաննիսյանի ինդեքսին: Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ եթե Պարույր Հայրիկյանը 2 շաբաթով հետաձգի ընտրությունները, ապա նա կկորցնի իր ընտրազանգվածը, քանի որ նա այժմ գտնվում է ճանաչվածության կիզակետում:
Սոցիոլոգը դա բացատրում է այսպես. “Սենսացիան ապրում է 1 կամ 2 շաբաթ, իսկ 40 օր հետո հնարավոր է չհիշեն, որ քաղաքական գործչի են կրակել: Այս իրավիճակում Հայրիկյանն իրականացնում է ներգործական քարոզարշավ, քանի որ նրա մոտ գալիս են երկրի ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ելնելով այս ամենից` նա ավելի շատ շանս ունի ձայն հավաքելու”:
Ադիբեկյանը նշում է, որ Հայրիկյանը հասարակ մարդ չէ, ունի բավականին լուրջ անցյալ, գուցե սա եղել է անցյալի մութ էջերի հետ կապված հաշիվ մաքրելու դեպք: Կարող է լինել ծայրահեղ ընդդիմադիրների խանդի պատճառ: Ամփոփելով ` Ադիբեկյանը եւս մեկ անգամ շեշտեց. “Եթե Հայրիկյանն օգտվի ստեղծված վատ իրավիճակից, արդյունքը կլինի դրական”: