Սա կրակոց է իշխանության դեմ. Վ. Դալլաքյան
“Սբ. Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոցում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչը ԱԺ-ում` Վիկտոր Դալլաքյանը: Նա դեռ չի մտել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մոտ` թույլտվության է սպասում:
“Ցանկացած բռնություն, առավել եւս դրա նման, դատապարտելի երեւույթ է: Սա կրակոց է մեր երկրի իշխանության դեմ եւ սա փորձ է նախագահական հանդարտ, խաղաղ ընտրություննները խաթարել”,-ասաց Դալլաքյանը:
Նա նշեց, որ ինքն ունի իր վարկածները, սակայն նպատակահարմար չի համարում դրանք բարձրաձայնել: “Իմ ենթադրությամբ կան եւ արտաքին, եւ ներքին որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են Հայաստանում հենց նախագահական ընտրությունները ապակայունացնող քայլեր ձեռնարկել, որը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել ապակայուն ընտրված նախագահի համար”,-ընդգծեց Դալլաքյանը:
Դալլաքյանը հավելեց, որ ինքը Հայրիկյանին ճանաչում է դեռեւս 1995-ից, երբ 2-ն էլ պատգամավոր են եղել: “Նաեւ միասին ֆուտբոլ ենք խաղացել, այսինքն` մարդկային առումով եւս պարտավոր էի այստեղ գալ եւ իմ զորակցությունը հայտնել”: