Քանի՞ խախտում է գրանցվել տոնական օրերին սննդամթերքի անվտանգության վերաբերյալ
Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են դիտարկումներ և մշտադիտարկումներ: Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով մինչև հունվարի 16-ը դիտարկումներ են կատարվել հանրապետության մարզերի և Երևան քաղաքի իրացման 347 կետերում (գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, մսի իրացման կետեր, խանութներ): Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունը:
Արդյունքում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման 72 դեպք, մասնավորապես՝ կենդանական ծագման հումքի՝ առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տեղափոխման 14 դեպք, անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման խախտման 9 դեպք, սննդամթերքի պահման պայմանների խախտման 27 դեպք, պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման 8 դեպք, մակնշման պահանջների խախտմամբ սննդամթերքի իրացման 10 դեպք, առևտրի իրականացման վայրում հիգիենային ներկայացվող պահանջների խախտման 4 դեպք:
Ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր անհամապատասխանության մասով տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ և հսկվել դրանց կատարման ընթացքը. խախտումները վերացվել են: Տոնական օրերին Ծառայության պետի հրամանով սահմանվել է նաև Ծառայության թեժ գծի շուրջօրյա հերթապահություն: Նշված ժամանակահատվածում Ծառայության թեժ գծին ստացվել է 8 զանգ, ձեռնարկվել են համարժեք միջոցառումներ կամ տրվել համապատասխան պարզաբանումներ: