06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները դինամիկ եւ ակտիվ զարգանում են: Կողմերը դրական են գնահատել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի եւ հանձնաժողովների միջեւ սերտ համագործակցության մակարդակը:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել անցյալ տարվա դեկտեմբերին Երեւանում Յան Համաչեկի կողմից 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն որակելը եւ նշել՝ Չեխիան առաջին երկիրն էր, որի խորհրդարանի հովանու ներքո Պրահայում կազմակերպվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել առ այն, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը:

Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրել է, որ Յան Համաչեկն ընդունել է իր կողմից անցյալ ամիս Երեւանում արված առաջարկը` դառնալով Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, ինչը նրա խոսքով՝ կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել տարածաշրջանի համար:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: «Ադրբեջանի կողմից ռազմական հռետորաբանության կիրառումը, ինչպես նաեւ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ դատապարտելի են: Կարծում եմ՝ Չեխիայի եւ Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» կարող է օրինակ ծառայել Ադրբեջանի համար»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահն իր հերթին նշել է, որ Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ