07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Այլ անձանց փոխարեն քվեարկելու փոխարեն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ տվյալ ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։

Ահազանգի հիման վրա՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  նյութերի նախատապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ.Փափազյանը, Հ.Դեմիրճյանը և Թ.Բարսեղյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողները հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը։

Դեպքի առթիվ  դեկտեմբերի 12-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ նշված ընտրողների փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ն.Հովհաննիսյանը նույն տեղամասի ընտրողներ, նույն բնակարանում հաշվառված Մ.Փափազյանի, Հ.Դեմիրճյանի և Թ.Բարսեղյանի անունների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ն.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ