Աշոտ Մանուչարյանը բացահայտեց ձերբակալությունների պատճառը
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր հրատապ հրավիրված ուսիլիսին անդրադարձավ Նորք-Մարաշում վնասազերծված խմբին անդամակցելու մեղադրանքով «Տիգրան Մեծ» ջոկատի ռազմական խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանի և «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ձերբակալություններին:
«Վերջին խայտառակությունը այդ հայտնի խումբն է և դրա հետ կապված ձերբակալությունները: Նախ շատ արագ հայտնի դարձավ, որ խումբը գտնվում է անվտանգության մարմինների վերահսկողության ներքո, որը արդեն իսկ տարօրինակ է»,-նկատեց Աշոտ Մանուչարյանը:
Մանուչարյանը զարմանք է հայտնում , քանի որ նրա խոսքով՝ տպավորությունը այնպիսին է, որ երկրի ղեկավարությունը կատարել է երկու գործողություն.« Մեկը խայտառակ վիճակի է հասցրել երկիրը և երկրորդը հասարակության մեջ արտանետել է մի խումբ, որը սադրանքով է զբաղված:
Մանուչարյանը մեջբերում անելով, հիշեցրեց, որ Նաիրի Հունանյանը խոսել էր ողջ քաղաքական էլիտայի հետ՝հոկտեմբերի 27-ից առաջ և շատերը իրենց դիտարկումները փոխանցել էին նրան: Սակայն Սերժ Սարգսյանը ոչ մեկին դատի առաջ չկանգնեցրեց Հունանյանին ուղորդելու համար:
«Այն դեպքում, երբ հոկտեմբերի 27-ին կար կատարված ոճրագործություն: Ես կարծում եմ, որ դա կատարվում է արտաքին թելադրանքի ներքո: Սա էլ կարող ենք համարել հերթական կալանավորումներից մեկը, սակայն պետք է հաշվի առնենք գերվտանգավոր վիճակը, քանի որ Հայաստանը կանգնած է պայթունավտանգ ցնցումների մեջ»,-ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:
Աշոտ Մանուչարյանը գտել է ելքը. «Մեզ պետք է ժողովրդի մաքսիմալ կոնսոլիդացիա»:
Անդրադառնալով երկրի նախագահին Մանուչարյանը նշեց.«Նա մի մարդ է, որը հայտնվել է արտաքին կառավարումների ազդեցության ներքո: Սակայն նրա կողմից իրականացվող այս ձերբակալությունները ավելի են ավելացնում լարվածությունը երկրում»:
Մանուչարյան զայրացած է, քանի որ այսօր կատարված ձերբակալությունները՝չափից դուրս է համարում. «Խաչիկ Ավետիսյանը և Վլադիմիր Առաքելյանը ազնվագույն մարդիկ են, որոնք պատերազմի ժամանակ սխրագործություններ են արել: Գառնիկ Մարգարյանին էլ ճանաչում եմ 20 տարի և նշում եմ, որ նա արդարության համար պայքարող գործիչ է»: