Հայկը հյուծված էր. հայրը լուր չունի
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջոցով Հայկ Կյուրեղյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Հ. Կյուրեղյանի իրավունքների խախտման փաստը ճանաչելու, իրավունքների խախտումները վերացնելու, սույն գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ. սեպտեմբերի 15-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի 2015թ. նոյեմբերի 30-ի որոշումը բեկանելու և գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ կայացնելու պահանջով:
«Ես գիտեի, որ բողոքը պետք է ներկայացվի, սակայն վաղը ավելի հստակ կիմանամ: Ամեն հարցում որոշողը որդիս է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:
Կյուրեղյանը նշեց, որ հացադուլից հետո միայն մեկ անգամ է կարողացել շփվել որդու հետ.«Ոչ մի կերպ չի հաջողվում հստակ իմանալ, թե ոնց է Հայկը: Վերջին անգամ, երբ նրան տեսա ահավոր հյուծված էր: Ամեն դեպքում Հայկը ուժեղ մարդ է և շարունակելու է պայքարել»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:
Հիշեցնենք, 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:
Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Մեղադրող Հարություն Սարգսյանը պահանջում էր 14 տարվա ազատազրկում: