Անուն եւ առաքելություն
«Եւ երբ ութ օրերը լրացան, եւ Նա թըլփատվեց,Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չեր հղացվել Մոր որովայնում»: (Ղուկ. 2;21)
Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին:
Հրեշտակի խոսքին հավատարիմ լինելով՝ Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Հիսուս Քրիստոսին ութ օրականում թլփատում եւ անունը դնում են Հիսուս: Այս Անունը մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի. «Ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի»: Այն նաեւ նոր կտակարանում մկրտության խորհուրդն ունի: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաստատած կանոնի, ութ օրականում մկրտում են նորածին մանկանը՝ Հիսուսի թլփատության խորհրդով, եւ անվանակոչում՝ Հիսուսիանվանակոչության խորհրդով: Հետեւենք մեր տիրահաստատ Եկեղեցու կանոններին եւ նորից պատվաստվենք Կյանքի Ծառին՝ Քրիստոսին, դեռ փոքրիկ հասակում մկրտության շնորհներով զարդարենք մեր երեխաներին, եւ անվանակոչենք անարատ անուններով: Մարդու անունը մեծ դեր է ունենում նրա ողջ կյանքի ընթացքում: Տիրոջ անվանակոչությամբ կարեւորվեց նաեւ մարդու անունը եւ անվան խորհրդանիշը: Դեռեւս Հին Ուխտում արդեն այդ ամենը արտացոլված էր, սակայն Տիրոջ Անվանակոչությամբ վերահաստատվեց այդ ամենը: Եւ այսօր էլ ժամանակն է, որպեսզի մենք էլ, հետեւելով Աստվածաշնչյան ավանդույթներին՝ սուրբերի աստվածադիր անունների, մեր Փրկչի անվանակոչության եւ Տիրոջ կողմից առաքյալներին նոր անուններով օժտելու փաստին, մեր զավակների անունները դնենք հենց այդ խորհրդով: Անունը մեծ ազդեցություն է ունենում մարդու ողջ կյանքի վրա: Նախակոմունիստական շրջանում մեր պապերը հենց այդպես էլ վարվում էին, սակայն կտրվեց այս սուրբ խորհրդի իսկությունը: Եթե մենք մեր զավակներին կոչենք սուրբերի անուններով, նրանք մշտապես բարեխոս կլինեն նրանց համար, եւ մեր հույսը չի կտրվի: Ամեն մարդ, որ աշխարհ է գալիս, ունենում է իր էությունը, իր մատնահետքերը, իր կյանքը եւ վերջապես՝ իր հոգեբանական կառուցվածքն ու անհատականությունը: Այս ամենից երեւում է, որ յուրաքանչյուր ծնունդ խորքում աստվածային ուղղակի միջնորդության արդյունք է: Տիրոջ անվանակոչությունը մի նոր օրհնություն է մարդկանց որդիների համար, նամանավանդ նրանց համար, ովքեր հավատարիմ են Աստծո խոսքին: Մաղթում ենք, որ այս սուրբ տոնի առթիվ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս ձեզ իմաստության ու հավատքի հոգով պարուրի, որպեսզի հստակորեն զգաք Նրա ներգործող Աջի զորությունը եւ հաստատուն նվիրումով առաջնորդվեք դեպի հավիտենական կյանքի հանգրվանները: Ամեն
Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 71