ՀՐԱՏԱՊ. Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է, վիրահատության կարիք չկա /լրացված, վիդեո/
Կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին րոպեներ առաջ նրան տեղափոխել են տամոգրաֆիայի կաբինետ:
Այս մասին հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից: Նրա փոխանցմամբ, Հայրիկյանը երկու կրակոց է ստացել կրծքավանդակի շրջանում:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը մեր թղթակցին ասել է, որ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը աշխատում է դեպքի վայրում: Բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են հանցագործությունը բացահայտելու համար: Ահազանգն ստացվել է քաղաքացիներից, որ դեպքի վայրում կրակոցներ են հնչել:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:
Պարույր Հայրիկյանն այս պահին Նոր նորքի թիվ 3 հիվանդանոցում է, նա կրծքավանդակից վիրավորվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության` նշելով, որ հնարավոր է տուժողի թոքը վնասված լինի կամ անրակային անոթները: Բարեբախտաբար, ըստ բժիշկների` ԱԻՄ առաջնորդը ոսկրային վնասվածք չունի:
0:54 Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ, հենց նոր Պարույր Հայրիկյանին վիրահատարանից կրկին տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Հայրիկյանի հարազատները, հատկապես քրոջ տղան վիճաբանություն են սկսել վերակենդանացման բաժանմունքի մուտքի մոտ հսկող ոստիկանների հետ: ”Ինչու եք նախագահների թեկնածուներին թողնում ներս, իսկ հարազատներին` ոչ”,-պահանջում են նրանք: Ոստիկանները փորձում են հարթել իրավիճակը:
1:15 Հերթապահ բժիշկ, փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ Հայրիկյանն առայժմ վիրահատության կարիք չունի, կատարվել են մի շարք հետազոտություններ, վիճակը միջին ծանրության է եւ նա պետք է մնա հսկողության տակ: Վնասվածքները աջ թեւատակի շրջանում են:
Հ.Գ. Henaran.am-ը ներողություն է հայցում ընթերցողներից, թյուրիմացաբար ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տուժածին վիրահատարան էին տեղափոխել: