04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի պաշտոնեությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր` հունվարի 8-ին, Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գտնվող բաժինների պաշտոնեությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի: Հանդիպումն սկսվել է Մուշեղ Սրբազանի բացման խոսքով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Շնորհավորելով Նորին Սրբությանը և Մայր Աթոռի աշխարհիկ աշխատակիցներին բերկրալի տոների առիթով` Սրբազան Հայրը մասնավորապես ընդգծել է, որ Մայր Աթոռի յուրաքանչյուր պաշտոնյա իր ծառայությունը Մայր Եկեղեցու հոգևոր կենտրոնում իրականացնում է սիրով ու նվիրումով: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք է ուղղել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:

Հանդիպման վերջում Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով ներկաներին շնորհավորել եւ իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները հղել Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Մայր Աթոռի աշխատակիցներին` Սուրբ Էջմիածինն իրենց տունը եւ ազգի սեփականությունը նկատելու բարձր գիտակցության, ինչպես նաեւ նախանձախնդիր ծառայության համար: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ շնորհիվ այդ նվիրյալ ծառայության անցյալ տարում արձանագրվել են բազում հաջողություններ, արժանապատվությամբ եւ գիտակցության բարձրագույն զգացումով իրականացվել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր արարողությունները:

«…Հավատում ենք, որ յուրաքանչյուր բարի գործ արժանանում է մեր նախնիների, մեր հայրերի օրհնությանը, իսկ այդ օրհնությունը մեր կյանքի և՛ բերկրանքն է, և՛ ուրախությունն է, և՛ ցնծությունն է, և՛ հաջողությունը: Ուրեմն, արժանի լինենք մեր հայրերի օրհնությանը մեր կյանքով և մեր աշխատանքով…: Այս հավատն ու վստահությունն ունենք և կարծում ենք, որ եթե յուրաքանչյուրս նոր տարում այս հավատով, այս վստահությամբ ընթանանք, ավելիով կփոխենք մեր կյանքը դեպի լավը, դեպի բարին և ցանկալին», – նշել է Գարեգին Բ Հայրապետը` մաղթելով, որ Աստված քաջառողջություն, ուրախության ապրում եւ արդյունավոր աշխատանք պարգեւի ամենքին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ