«Արաբկիր» բկ-ում հիվանդներ չեն ընդունում
Հունվարի 7-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով եւ սուր շնչառական վարակներով 514 մարդ, որից 442-ը` 0-18 տարեկան: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, հիվանդներից 126-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Ասել է թե` գրիպը բարդություններ է առաջացրել: Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը երեկ աննախադեպ մեծ թվով` 903 կանչ է ստացել: Հունվարի 5-ին ստացել էր 873 կանչ, որոնց մեծ մասը` պայմանավորված սուր շնչառական վարակներով:
Օրական կտրվածքով դիմելիության աճ է նկատվել նաեւ պոլիկլինիկական կազմակերպություններում: Եթե հունվարի 3-ին պոլիկլինիկա է դիմել 63, ապա հունվարի 6-ին` 184 քաղաքացի: Հունվարի 1-7-ը Երեւանի պոլիկլինկաներում արձանագրվել է 915 այց, «Շտապբուժօգնությունը» սպասարկել է 5 840 կանչ: Տարածված գրիպը կեսից ավելի դեպքերում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակին է պատկանում, այսինքն` «խոզի գրիպ» է: Իսկ հոսպիտալացվածների գրեթե 80 տոկոսը երեխաներ են: Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ գերբեռնվածության պատճառով հաստատությունն այլեւս հիվանդներ չի ընդունում:
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում գրիպանման երեւույթների դեպքում ժամանակին դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երեւույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու եւ փռշտալու վարվելակարգը: