Մոսկվան ճնշում է
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, ով արդեն 11-րդ օրն է հացադուլ է անում, այսօր ԳԱԱ-ի դիմաց ասուլիս էր հրավիրել: ”Այսօր մենք տեղեկացանք, որ ”Голос России” ռադիոկայանը խզել է իր տնտեսական հարաբերությունները ”Ռադիոհայ” ընկերության հետ, և մենք ունենք նաև նամակ , որը վկայում է, որ իմ հացադուլը հենց այն պատճառն է, որ կազմակերպությունը միակողմանի, առանց նախապես զգուշացնելու խզել է երկարատև պայմանագիրը”,-հայտարարեց Ղուկասյանը:
Նրա կարծիքով` այստեղ դիտավորություն կա: ”Այլ պետության կողմից փորձում են ճնշում գործադրել Հայաստանի ընտրություններին մասնակցող թեկնածուների վրա”,-պարզաբանեց Ղուկասյանը` հավելելով, որ իրենք արդեն մոտ 2 տարի է, որ համագործակցում էին վերոնշյալ ռադիոկայանի հետ և այս քայլն անակնկալ էր: Նա նաև նշեց, որ ”Голос России”-ն իրենց վճարում էր, և որպես ընտրագրավ վճարված 8 մլն դրամը նաև այդ եկամուտներից է եղել:
Ղուկասյանը հայտնեց նաև, որ հացադուլը շարունակելու է մինչև ընտրությունների ավարտը: Փետրվարի 4-ին նա 2 ժամով բացակայելու է ԳԱԱ-ից, գնալու է տուն, որպեսզի անձնական հիգիենային հետևի:
Վերջինս նաև շնորհակալություն հայտնեց “Ցեղակրոն” կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին այս ցուրտ եղանակին 3 օրով իրեն միանալու ու աջակցելու համար: Հարությունյանը ևս իր կողմից շնորհակալություն հայտնեց Ղուկասյանին` այս քայլը նախաձեռնելու համար:
”Հիասթափությունը մեծանում է, ու այս պայամններում, որ մարդ այս քայլին գնաց, դա ոգևորող, ոգեշնչող է”,-ասաց Հարությունյանը ու հայտնեց, որ հնարավոր է` ինքը կրկին միանա հացադուլին: