Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան վիրավորներ
Հունվարի 6-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 MS 303 պետհամարանիշով ավտոմեքենան ընկել է մոտ 3 մետր խորություն ունեցող ջրատարը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ՝ 1991 թ. ծնված Հ. Զ.-ը և ուղևոր՝ 1994 թ. Ա. Պ.-ը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, կռունկի օգնությամբ ջրատարից դուրս բերել ավտոմեքենան և դրել քարշակին: