Րաֆֆին կյանքի գնով է անելու
“Այս ընտրություններից հետո մենք պետք է ունենանք ոչ թե նախագահի բարձր հովանու ներքո, կամ յոլա տանելու, այլ իրավունքի Հայաստան։ Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները փետրվարի 18-ին ճակատագրական որոշում կայացնեն”: Այսպես հունվարի 30-ին իր քարոզարաշավը սկսեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Շենիկ համայնքից:
Նախագահի թեկնածուն խոստացավ ընտրվելու դեպքում ձգել սեփական և պետական բյուջեի գոտին:”Թույլ չեմ տալու, որ հանրային հատվածը , դպրոցներն ու ԲՈՒՀ-երը կուսակցականացվեն և առաջինը ինձ եմ հեռացնելու համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմից”: Շենիկցիներին հետաքրքում էր իսկ ի՞նչ ծրագրեր է իրականացնելու թեկնածուն գյուղացիների կյանքը բարելավելու համար:
Պարզվեց, որ սուբսիդավորելու է ոռոգման ջրի հարկի 80 տոկոսը, իր վրա է վերցնելու շուկայում հավասար պայմաններ ստեղծելու պատասխանատվությունը, այն է` խոշոր գործարարներին զրկելու է ստվերում աշխատելու եւ հարկեր չվճարելու արտոնությունից:
Շենիկ գյուղի բնակիչ Անժիկ Հարությունյանը, ով կեսից միացավ նախագահի թեկնածուի քարոզարաշավին` մոտենալով թեկնածուին հարցրեց `այն ի՞նչ գրված է նախընտրական բուկլետում` դա իրականությու՞ն է դառնալու:
“Կարող է՞ այնպես լինի, որ մենք գյուղում գազ ունենանք, կամ էլ խմելու ջուր, որը առնում ենք կամ էլ տրանսպորտի հարցը կլուծվի, որ շաբաթը մի անգամ է գյուղ մտնում `ու մենք սեփական ոտքի ու տաքսիների հույսին չմնանք”:
Նախագահի թեկնածուն հայտարարեց , որ “դա հանձնառություն է, ու այն իմ կյանքի գնով իրականություն է դառնալու” :