Մաքրում են, բայց էլի ձյուն է…
Դեկտեմբերի 30-ի երեկոյան մեկնարկած ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաք Երեւանում չեն դադարել: Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հաղորդագրության համաձայն, ձնամաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերությանն աջակցելու նպատակով աշխատանքներին ներգրավվել են վարչական շրջանների կոմունալ եւ կանաչապատման ծառայությունների աշխատակիցներն ու մեքենամեխանիզմները:
Ձյան մաքրման աշխատանքներին հետեւել է նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը շրջայց է կատարել մայրաքաղաքի վարչական շրջաններում, հանձնարարել աշխատանքները շարունակել շուրջօրյա ռեժիմով:
«Հասկանալի է, որ չդադարող ձյան պայմաններում դժվար է հանրության համար առավել տեսանելի դարձնել իրականացվող աշխատանքների արդյունքը: Մեզ համար այս պահին առաջնահերթը մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի երակները բաց պահելն է, ինչն արվում է: Այն, որ չնայած երեք օր շարունակ առատ տեղացող ձյանը՝ մայրաքաղաքում փակ փողոց չունենք, միանշանակ իրականացվող աշխատանքի արդյունք է: Ինչ խոսք, կատարվող աշխատանքները դեռեւս բավարար չեն եւ անելիք դեռ շատ կա: Բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ կարվի պատշաճ մակարդակով»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը տեղեկացրել է, որ շուրջ 500 աշխատակիցներ Ամանորը դիմավորել են մայրաքաղաքի փողոցների ձյունը մաքրելով: «Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր այդ մարդկանցից, նաեւ բոլոր նրանցից, ովքեր դեկտեմբերի 30-ից մինչ այս պահն օր ու գիշեր աշխատել եւ աշխատում են, որպեսզի մայրաքաղաքում հնարավորինս մեղմվի անդադար տեղացող ձյան պատճառով առաջացող դժվարությունները»,- եզրափակել է Մարգարյանը: