Աստված որոշումը դեռ չի փոխել
Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը վաղվանից ”պասիվ” քարոզարշավից անցում կկատարի ”ակտիվ” քարոզարշավի: Սակայն սա չի նշանակում, որ վաղվանից թեկնածուն հանդիպումներ է ունենալու Երևանում կամ մարզեր է մեկնելու: ”Ավելի ակտիվ` շատ հարցազրույցներ եմ տալու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակյանը:
Վերջինս նշեց, որ հետևում է քաղաքական իրադարձություններին, սակայն ծանոթ չէ նախագահի երեք թեկնածուների` Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի միասնական հայտարարությանը: Վարդան Սեդրակյանին այս հայտարարությունը չի ուղարկվել:
Նախագահի թեկնածուն նաև նշեց, որ ինքը հետևում է նախագահի մյուս թեկնածուների քարոզարշավներին, և կարծում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վատ քարոզարշավ է տանում, իսկ մյուսներն` ավելի վատ: ”Մյուսներն ավելի վատ են անում, փորձում են կրկնօրինակել, լավ չի ստացվում: Քանակի առումով 5-10 հոգի մարդ գալիս է կամ չի գալիս”,-ընդգծեց թեկնածու` “կոլեգաների” քարոզարշավը գնահատելով:
Հարցին, թե դեռ վստահ է, որ 81 տոկոս ձայն է հավաքելու, Սեդրակյանն ասաց.
”Իհարկե, ես վստահ եմ: Աստված երբեք իր որոշումները չի փոխում”: