26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջարկ` ուղիղ եթերով հեռուստաբանավեճեր անցկացնել

Երեւանի մամուլի ակումբը հայտարարություն է ընդունել, որտեղ առաջարկում է ՀՀ  նախագահի ընտրությունների ժամանակ ուղիղ եթերով հեռուստաբանավեճեր անցկացնել:

‘’Մեր հանրությունում բավականին տարածված է այն կարծիքը, որ ներկայիս ընտրարշավը մրցակցային ու բովանդակային չէ, որ նախագահի հնարավոր թեկնածուների ծրագրերի ու դիրքորոշումների քննարկումն էապես ուշացել է այն պատճառով, որ գրեթե մինչեւ վերջին պահն անորոշ էր, թե Ազգային ժողովում ՀՀԿ-ից հետո առավել մեծ ներկայացվածություն ունեցող խորհրդարանական երեք կուսակցություններն արդյո՞ք առաջադրելու են սեփական թեկնածու կամ սատարելո՞ւ են որեւէ թեկնածուի։ Ընտրարշավում ոչ մի կերպ չի դրսեւորվում քաղաքական այդ ուժերի դիրքորոշումն այն խնդիրների շուրջ, որոնք ծառանալու են պետության նորընտիր ղեկավարի առջեւ։

Ստեղծված իրավիճակում առանձնակի կարեւորություն են ստանում հեռուստաբանավեճերը (դրանց անհրաժեշտության մասին առավել հանգամանորեն՝ տե՛ս ԵՄԱ ամփոփագրում`http://www.ypc.am/review/?p=886), որպեսզի գոնե մինչեւ քվեարկությունը մնացած սահմանափակ ժամանակահատվածում հնարավոր լինի երկրի զարգացման շուրջ պատկերացումների ու գաղափարների բազմակողմանի, մրցակցային քննարկում։ Թեկնածուները պետք է պատրաստ լինեն Հայաստանի առաջ ծառացող ամենատարբեր մարտահրավերների պատասխաններ առաջարկելուն, իսկ ԶԼՄ-ներն էլ ընտրողներին պետք է օգնեն բացահայտել, թե պետական բարձրագույն պաշտոնին հավակնողներից յուրաքանչյուրը որքանով է պատրաստ դրան։

Նկատի ունենալով.

– միջազգային առավել տարածված փորձի, երբ շեշտը դրվում է երկու ‘’հիմնական’’ թեկնածուների միջեւ հեռուստաբանավեճերի վրա, հայաստանյան իրողություններում կիրառման ոչ իրատեսական լինելը,

– թեկնածուների արդեն իսկ հնչեցրած հայտարարությունները, որոնք բացառում են նրանց մասնակցությունը տարբեր կազմերով (զույգերով),

– ‘’յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ’’ սկզբունքով բանավեճերի անցկացման անհնարինությունը՝ պայմանավորված նախընտրական արշավի մասնակիցների մեծ թվով,

եւ միեւնույն ժամանակ սկզբունքորեն չափազանց կարեւոր համարելով բանավեճերի անցկացումը՝

– հեռուստաընկերություններին եւ թեկնածուներին կոչ ենք անում ձեռնամուխ լինել ուղիղ եթերով հաղորդումների նախապատրաստմանը՝ բոլոր ութ հավակնորդների թիմերի միաժամանակյա մասնակցությամբ։

Ամենաիրատեսականը հեռուստաբանավեճերի անցկացումն է այնպիսի ձեւաչափով, որում յուրաքանչյուր նախընտրական շտաբ ինքն է որոշում, թե ով պետք է մասնակցի այս կամ այն բանավեճին (դա կարող է լինել թեկնածուն կամ նրա շտաբի պետը, մամուլի քարտուղարը, վստահված անձը, թեկնածուին սատարող կուսակցության ներկայացուցիչը եւ այլն)։ Ցանկալի է, որ բանավեճին անձամբ մասնակցելուց այս կամ այն թեկնածուի հրաժարվելը չկաշկանդի մյուս թեկնածուներին. այստեղ չպետք է գերակշռող լինեն այս կամ այն հանդիպման ‘’պատվարժան’’ լինել-չլինելու կամ ‘’կարգավիճակների պարտադիր հավասարության’’ մասին պատկերացումները։ Գլխավորը նախընտրական ծրագրերն ընտրողներին առավել համարժեք ներկայացնելու ձգտումն է։

Թեկնածուներից  որեւէ մեկի կամ նրա շտաբի՝ բանավեճերին մասնակցելուց հրաժարվելը չի նշանակում հավասար հնարավորությունների սկզբունքի խախտում։ Բոլորին պատշաճ կերպով հրավիրելու պարագայում այդ սկզբունքն ապահովված է համարվում: Բանավեճերը կազմակերպող լրատվամիջոցը պարտավոր է հեռուստադիտողներին իրազեկել, թե որ թեկնածուները (շտաբները) եւ ինչ հիմնավորումով չեն մասնակցում այս կամ այն բանավեճին։

Նպատակահարմար կլիներ, որ նման նախաձեռնությամբ առաջին հերթին հանդես գար Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը (Հ1)՝ նկատի ունենալով նրա հատուկ առաքելությունը, բայց ողջունելի են նաեւ մասնավոր հեռարձակվողների համանման նախաձեռնությունները։

Առաջարկում ենք բանավեճերն անցկացնել մի քանի (3-4) փուլերով  (հաղորդումներով), որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի կոնկրետ թեմայի,  օրինակ՝ տնտեսություն, սոցիալական հարցեր, արտաքին քաղաքականություն, ժողովրդավարական հաստատությունների զարգացում եւ այլն։ Բնականաբար, պետք է առկա լինեն տեխնիկական հնարավորություններ՝ բոլոր մասնակիցներին հավասար ժամանակի տրամադրումն ապահովելու համար։

ԵՄԱ սույն հայտարարությունը բաց է, եւ դրան կարող են միանալ այլ ՀԿ-ներ ու ԶԼՄ-ներ’’,-նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր Արեւելյան գործընկերության  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ‘’Գործընկերություն հանուն բաց հասարակության’’ նախաձեռնությունը կազմակերպել էին քննարկում, որտեղ ներկայացվել են հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիտարկումները 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին առնչվող գործընթացների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ