27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարին ավարտվեց… բաժակը կիսով չափ լի՞ է, թ՞ե դատարկ

Տարին մոտեցավ ավարտին, և այժմ հնարավորություն ունենք գնահատելու այն իր տնտեսական նշանակություն ունեցող իրադարձություններով, իրականացված աշխատանքներով, ակնկալվող և իրական արդյունքներով:

 

Այն որ տարին անբարենպաստ էր միջազգային ու տարածաշրջանային զարգացումներով, արդեն իսկ բազմիցս խոսվել է և լինելով միջազգային համայնքի մաս, չէինք կարող այս կամ այլ կերպ անմասն մնալ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներից: Իշխանությունները դրանով են հիմնավորում տնտեսական զարգացման տեմպերի նվազումը, ապրանքաշրջանառության բացասական ցուցանիշները, բյուջետային մուտքերի կրճատումը և որպես հետևանք՝ հոռետեսական տրամադրությունների խորացումը: Սակայն արտաքին գործոնների ազդեցությունը չանտեսելով, հարկ եմ համարում անդրադառնալ այն քայլերին, օրենսդրական լուծումներին, որոնք շեշտելով առաջնահերթությունները, միտված են եղել տնտեսական աճի ապահովմանը:

 

Տարեսկզբին փոփոխություններ արվեցին «Շրջանառության հարկի մասին» օրենքում, և լուծում տրվեց փաստաթղթաշրջանառության շուրջ գոյություն ունեցող տարաձայնություններին: Արդյունքում օրենքի պահանջները առավել մոտեցվեցին մեր տեղական գործարար իրականությանը և այն առևտրային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները,  որոնք փաստաթղթավորում են շրջանառությունը  կարող են վճարել 1,5% շրջանառության հարկ, իսկ տարբեր պատճառներով փաստաթղթաշրջանառության պահանջը շրջանցողները՝ 5%: Ինչպես նաև, սահմանվեց շրջանառության հարկի նոր շեմ՝ 113.4 մլն դրամ, ինչն էլ թույլ է տալիս հարկման այս պարզեցված ձևից օգտվել ՓՄՁ-ների ավելի լայն շրջանակներ:

 

Կարևոր է նաև ընտանեկան ձեռնարկատիրությունը խրախուսող և գրեթե բոլոր պետական հարկերից ազատող արտոնությունը: Ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ և բացառապես ընտանիքի անդամների անմիջական մասնակցությամբ իրականացվող գործունեությունը, որի տարեկան շրջանառությունը չի գերազանցում 12 մլն դրամը: Հաշվի առնելով այն, որ այս խմբի ձեռներեցները գերփոքր տնտեսվարողներն են և լուծում են hիմնականում զբաղվածության խնդիր, արտոնության սահմանումը էական ազդեցություն չունենալով հարկային մուտքերի վրա զգալի աջակցություն է այդ խումբ տնտեսվարողների համար և ունի սոցիալական նշանակություն:

Մեկ այլ կարևոր մոտեցում ևս՝ սահմանվեց արտոնություն, որը  սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատում է  հիմնական հարկերից: Սահմանված արտոնությամբ պետական բյուջեի եկամուտների կորուստները կկազմեն շուրջ 30 մլն դրամ, բայց նաև հնարավորություն կտա  ինչ-որ չափով դյուրացնել մշտապես հակառակորդի կրակի սպառնալիքի ներքո ապրող ու աշխատող սահմանապահ բնակիչների կյանքը:  Ինչպես նաև կնպաստի սահմանամերձ շրջանների տնտեսական ակտիվության խթանմանը, ներդրումների ներգրավմանը ու գործարար միջավայրի բարելավմանը:

Դրական արդյունքներ գրանցեց կառավարության մեկ այլ նախաձեռնություն, որի արդյունքներն արդեն նկատելի են այս տարի: Խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ձեռնարկություններին սահմանված հարկային արտոնություններն են: Արդյունքը երկար սպասել չտվեց. այս տարի ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի ժամանակ արդեն 38 նորաստեղծ ձեռնարկություն ցուցադրում էին իրենց աշխատանքները: Հաջողություններով ոգեշնչված քննարկումներ սկսվեցին մասնավոր-պետություն համագործակցությամբ նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծելու գաղափարը, որը կարող է մեծ հեռանկարներ ունենալ:

 

Տարին առատ էր նաև տնտեսական ոլորտը կարգավորող ավելորդ վարչարարությունը  և ժամանակը կրճատող, անարդյունավետ ընթացակարգերը պարզեցնող նախաձեռնություններով, որոնց նպատակն է խնայել ինչպես  տնտեսվարողների, այնպես էլ պետական ֆինանսական և ժամանակային ռեսուրսները: Պատահական չէ, որ համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցի արդյունքներով Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը երեք կետով,  որից մեկը համարվել է սահմանային առևտրի ուղղությամբ իրականացրած բարեփոխումը, մասնավորապես այն, որ կրճատվել է առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսը՝ ներկրման համար պահանջվող 50 ժամը հասցնելով 3 ժամի:

 

Պետք է նշեմ, որ այս տարի նաև փոփոխություններ արվեցին «Ակցիզային հարկի մասին» օրենքում և վերանայվեց ենթաակցիզային որոշ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերն, ինչպես նաեւ ընդլայնվեց ենթաակցիզային ապրանքների ցանկը: Արդյունքում 2016թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանա ալկոհոլային խմիչքների, բենզինի եւ դիզելային վառելիքի ու ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրայքաչափը: Բացի այդ, սեղմված բնական գազը, որպես տրանսպորտային միջոցներում օգտագործվող վառելիք, ներառվել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում, տրանսպորտային միջոցներում օգտագործվող վառելիքի բոլոր տեսակների համար սահմանելով ակցիզային հարկով հարկման միատեսակ մոտեցումներ: Օրենքը չի տարածվի կոնյակի և գինու վրա, քանի որ այս ոլորտները Հայաստանում ճանաչված են որպես գերակա: Փոփոխությունները պայմանավորված են ԵՏՄ շրջանակներում իրականացվող՝ ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակցեմանն ուղղված միջոցառումների ազդեցությունը տնտեսության վրա մեղմելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով:

 

Թեև տնտեսական ծանր պայմաններին, կառավարությունն այս տարի 10 մլրդ ՀՀ դրամ ավելի ավելացված արժեքի հարկ է վերադարձրել արտահանողներին՝ գործընթացը դարձնելով ավելի արագ և դյուրին, խթանելով արտահանումը:

Տարին արձանագրվեց նաև կարևոր սոցիալական նշանակություն ունեցող որոշումներով: Առանձնահատում կարևորում եմ չաշխատող մայրերի համար մայրության նպաստի սահմանումը: Ներկայումս հղիության և ծննդաբերության նպաստը, որը փոփոխվեց և դարձավ մայրության նպաստ, տրվում է տարեկան շուրջ 13 000 աշխատող կնոջ, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից մայրության  նպաստ կստանան ևս տարեկան շուրջ  30000 չաշխատող կին: Նպաստի չափը 4.6 ամսվա համար կկազմի շուրջ 138000 դրամ, իսկ պետական բյուջեի վրա այն կանդրադառնա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռի ավելացմամբ:

 

Ամփոփելով տարին՝ կարող ենք նշել, որ շուրջ 7000 ընկերություններ փակվել են, գրանցվել՝ 15000 ընկերություններ, փակվողներից 2 անգամ ավելի:

Խնդիրները շատ են, գալիք տարին էլ, ըստ կանխատեսումների, լինելու է լարված, սակայն բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ մեր գնահատման խնդիրն է: Իսկ մեր հաջողությունները, անկախ արտաքին գործոնների, մեծապես պայմանավորված են մարտահրավերներին արագ արձագանքելու, ճկունություն դրսևորելու նաև հեռանկարային զարգացմանը ուղղված տեսլականը կյանքի կոչելու կարողությամբ:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ