Հայկի գործից նորություն կա
Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել Հայկ Կյուրեղյանի գործով բողոքը: Փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ` ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստը, ինչպես նաև բռնությունների կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու փաստը:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը օրեր առաջ մոտ 21 օր հացադուլ էր հայտարարել, հյուծված վիճակում էր գտնվում։
Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացը վաղուց էր սկսվել:
Նա հիշեցրեց, որ Հայկը դատաքննության ընթացքում փաստաբան չի ունեցել՝ սեփական ցանկությամբ.« Հայկի նկատմամբ կայացված 9 տարվա վճիռը դեռ չենք կարող բողոքարկել ՄԻԵԴ-ում: Քանի որ դեռ պետք է գործը լսվի վճռաբեկ դատարանում»,-ընդգծեց Արմենակ Կյուրեղյանը:
Նշենք, որ վերաքննիչ դատարանը մերժեց Հայկ Կյուրեղյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վերջինս դատապարտվել էր 9 տարվա անազատության։
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը 9 տարվա անազատության դատապարտվեց անցած տարի հունիսի 12-ին Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակելու և դրա արդյունքում ոստիկաններին վնասելու համար: