Գալուստ Սահակյանն այցելել է Գավառի մանկատուն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն:
Մանկատանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շրջելով երեխաների ննջասենյակներում, խաղասրահում, դասասենյակներում և գրադարանում, նկատել է, որ իր նախորդ այցելությունից հետո, որը 2014 թվականի դեկտեմբերին է եղել, մանկատանը կատարվել են որոշ դրական փոփոխություններ:
Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ 2015 թվականի ընթացքում մանկատնից որդեգրվել է 2 երեխա, 2 երեխա հանձնվել է խնամակալության, իսկ 6 երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիքներին:
Մանկատան սաները մեծ սպասումով և հուզմունքով ամանորյա խորհրդանշական հեքիաթ-ներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի և ներկաների համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Աժ նախագահը բարձր է գնահատել մանկատան սաների և ուսուցիչների կատարած աշխատանքը և հավաստիացրել, որ մանկատունը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: Նա ողջունելի է համարել այն, որ մանկատունն ունի լավ պայմաններ և երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր:
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և նվիրական երազանքների իրականացում:
Նշենք, որ ԱԺ նախագահը մանկատան երեխաների համար բազմաթիվ նվերներ ու մանկատանն անհրաժեշտ այլ իրեր էր տարել: