Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է սահմանում զոհված հայ զինվորների հոգեհանգստության արարողություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 17-18-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում առաջին անգամ տեղի է ունեցել Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական ժողովը` ընդլայնված կազմով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, համաժողովը նախագահել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ և ՀԵՀԵՄ-ի հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Ժողովը կազմակերպել էին Եվրոպայի ՀԵՀԵՄ-ի տարածաշրջանային հոգևոր տեսչությունը, Իտալիայի Հայոց հովվությունը և, մասնավորապես, Բոլոնիայի հայ համայնքը։ Ժողովի կազմակերպմանն ու ընթացքին իրենց կարևոր մասնակցությունն էին բերել ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի վարիչ-տնօրեն Գևորգ Մկրտչյանը և տնօրենի օգնական Սերոբ Գալստյանը: Եվրոպայի բազմաթիվ երկրներից Բոլոնիա քաղաք էին ժամանել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եվրոպայի թեմերի և հովվությունների երիտասարդաց միությունների ներկայացուցիչները։ Ժողովին ներկա էին ՀԵՀԵՄ Կենտրոնական խորհրդի ներ կայացուցիչները` ատենապետ Վահան Մարդյանի գլխավորությամբ:
Ժողովին իրենց մասնակցությունն են բերել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ, Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ և Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ և Իտալիայի հայոց հոգևոր հովիվ, ինչպես նաև ՀԵՀԵՄ-ի Եվրոպայի տարածաշրջանային հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը, Իտալիայի Հռոմի համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Դանիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի քարտուղար Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Արթուր սարկավագ Խունոյանը։
Դեկտեմբերի 17-ին` մինչև ժողովի բացումը, կատարվել է Գիշերային ժամերգություն, որի ավարտին ողջունի խոսքով հանդես է եկել Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը: Այնուհետև ժողովը պաշտոնապես սկսել է իր աշխատանքը Բոլոնիայի «Սենտրգրոսս» հյուրանոցում Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության խոսքով:
Ողջունելով Եվրոպայի տարբեր կողմերից հավաքված երիտասարդներին` Հովնան Սրբազանն ընդգծել է, որ նրանք կոչված են դառնալու Աստծու պաշտոնյաներ, որպեսզի քրիստոնեական սիրով առաջնորդված՝ լինեն դեսպանները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու։ Սրբազանն ամենքի անունից սրտի և երախտիքի ջերմ զգացումներ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին, ով մշտապես օրհնում է Հայ եկեղեցու երիտասարդությանը և քաջալերում ՀԵՀԵՄ-ի առաքելությունը: «…Այսօր ՀԵՀԵՄ-ի պատմության մեջ բացվում է նոր էջ, և հաստատվում է նոր հանգրվան, երբ սկիզբ է առնում Եվրոպայի Հայոց թիմերի ՀԵՀԵՄ-ի ներկայացուցչական առաջին ժողովը, որն իրականություն է դարձել շնորհիվ Եվրոպայի տարածաշրջանի երիտասարդների ՀԵՀԵՄ-ի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Թովմա վրդ. Խաչատրյանի, ինչպես նաև Բոլոնիայի համայնքի ատենապետ տիար Ոստան Անդրեասյանի նյութական աջակցության:
Բնականաբար, մեր խորին շնորհակալությունը բոլոր թեմակալ առաջնորդներին ու հոգևոր հովիվներին, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այս կարևոր ժողովին։ ՀԵՀԵՄ-ի Եվրոպայի հոգևոր տեսչությունը 2015 թ. փետրվարին տարածաշրջանի շրջագծից ներս նախապատրաստական ժողովներ հրավիրեց Բեռլինում, Բուխարեստում և Միլանում։ Բոլոր այս քաղաքներում կազմակերպված ժողովների ընթացքում քաջալերական զորակցություն ունեցանք թեմակալ առաջնորդների ու հովիվների կողմից։ Հավելենք, որ հիշյալ փետրվարյան ժողովների կազմակերպումը մեծապես նպաստեց ՀԵՀԵՄ-ի Պատգամավորական երրորդ ժողովի գումարմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ նախագահությամբ Վեհափառ Հայրապետի։
Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական առաջին ժողովը նկատում և արձանագրում ենք մեծագույն քայլ, որին պետք է հաջորդի նաև երիտասարդների ավելի ընդարձակ խորհրդաժողով: Իսկ նպատակը Եվրոպայի ներկայացուցչական սույն ժողովի ՀԵՀԵՄ-ի ամրագրումն ու ընդարձակումն է թեմական և ծխական կյանքում, որպեսզի այն նորահաս սերունդին առաջնորդի Հայաստանյայց Առաքելական Ս.Եկեղեցի։ Մեր սպասումն է, որ առաջիկա երկու օրերի ընթացքում ժողովական կյանքին իր կանոնավոր ընթացքի հետ հավելենք նաև աղոթանվեր կյանք, որպեսզի ժողովը ընթանա ջանադիր աշխատանքով։
Մեր սիրելի՛ երիտասարդներ, Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին մեր կյանքում դարձնենք ծառայություն, ինչպես նաև միջոց՝ հասնելու մեր հոգևոր նպատակին», – ասել է Հովնան արքեպիսկոպոսը` բարի երթ մաղթելով Եվրոպայի ՀԵՀԵՄ-ի տարածաշրջանի առաջին ժողովին:
Խոսքով են հանդես եկել նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովիվ Տ. Սասուն ծ. վրդ. Զմրուխտյանը և Բելգիայի հոգևոր հովիվ Տ. Զատիկ վրդ. Ավետիքյանը։
Օրվա ավետարանական պատգամի շուրջ իր մտորումները ներկայացրել է Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը: Բացման խոսքերից հետո տեղի է ունեցել ժողովի դիվանի ընտրությունը: Ժողովի ատենապետ է ընտրվել Ռումինիայի Հայոց թեմից Հրանտ Ջաղինյանը, ժողովի քարտուղար Ավստրիայի համայնքից Օֆելյա Պավլովան։ Այնուհետև իրենց թեմերի ու համայնքների տարեկան միջոցառումները և ծրագրերը ներկայացրել են Հունաստանից` Արսեն Սիմոնյանը և Վարդան Ղարիբյանը, Բելգիայից` Հովսեփ Արոյանը, Հոլանդիայից` Անահիտ Բեգլարյանը և Սերոբ Այվազյանը և Շվեդիայից` Ս արգիս, Անի, Թամար Խաչատուրյանները և Գևորգ Էսքիզյանը, Ֆրանսիայից` Գոռ Հախվերդյանը, Լեհաստանից` Ռոբերթ Նահապետյանը:
Կենտրոնական խորհրդի հանձնախումբը ևս ներկայացրել է ՀԵՀԵՄ-ի կառուցվածքը, գաղափարախոսությունը, կատարած աշխատանքներն ու հետագա անելիքները: Այս օրերին, ժողովին զուգահեռ, Կենտրոնական խորհուրդն անցկացրել է իր առանձին ժողովը, որի ընթացքում որոշվել է առաջիկա տարի իրականացնել երկու կարևոր միջոցառումներ` Եվրոպայի տարածաշրջանի բոլոր թեմերի պարտադիր մասնակցությամբ Հայաստանում կազմակերպել հոգևոր ճամբար, որտեղ երիտասարդները կիրականացնեն նաև կամավորական աշխատանք և կմասնակցեն ուխտագնացությունների Հայաստանի տարբեր եկեղեցիներ և վանքեր, կազմա կերպել Եվրոպայի տարածաշրջանի ազգային, մշակութային, հոգևոր փառատոն:
Ժողովի երկրորդ օրը բացվել է Արևագալի ժամերգությամբ։ Ժամերգությյան ավարտին ժողովականներն աղոթել ե Հայրենիքի սահմանները պաշտպանող հայ զինվորների ապահով ծառայության, ինչպես նաև զոհված զինվորների հոգիների հանգստության համար։ Օրվա խորհրդի շուրջ իր պատգամը փոխանցել է Տ. Սասուն ծ. Վրդ. Զմրուխտյանը: Ժողովի երկրորդ օրվա ատենապետ է ընտրվել Ուկրաինայի Հայոց թեմից Նելլի Ջշկունյանը։
Իրենց թեմերի ու համայնքների տարեկան միջոցառումների ու խնդիրների մասին խոսել են նաև մնացյալ երիտասարդ ներկայացուցիչները. Գերմանիայից` Արազ Վարդանյանը, Ռումինիայից` Հրանտ Ջաղինյանը և Մարիրիտա Կապլանյանը, Նորվեգիայից` Շուշաննա Սաֆարյանը և Անի Մարտիրոսյանը, Դանիայից` Մկրտիչ Զուլոյանը, Ավստրիայից` Օֆելյա Պավլովան, Անգլիայից` Զարեհ Մովսեսյանը, Ֆինլանդիայից` Գառնիկ Սարկարյանը և Ուրարտուհի Հակոբյանը, Ուկրաինայից` Նելլի Ջժկունյանը և վերջում Իտալիայի հովվությունը Արծրուն Պիվազյանի, Գևորգ Հովհաննիսյանի և Արամ Մանոսյանի հետ համատեղ ներկայացրեց Թովմա վարդապետը։
Ժողովի արդյունքներն ամփոփել է Հովնան Սրբազանը` սույն համաժողովի գումարումն ինքնին կարևոր արդյունք նկատելով: Սրբազան Հայրը հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր երիտասարդներին, ովքեր մասնակցել են ժողովին և իրենց ներդրումն են բերում իրենց համայնքներում եկեղեցական կյանքի կազմակերպման գործում։
Երախտագիտության խոսքով հանդես է եկել Տաթև Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Հովնան Սրբազանին երիտասարդության հետ տարվող աշխատանքի համար, ապա շնորհավորել է Սրբազան Հոր քահանայագործության 35 և եպիսկոպոսական օծման 25-ամյակները։
Ժողովը փակվել է Խաղաղական ժամերգությամբ։
Ժողովի հաջորդ օրը տեղի է ունեցել ուխտագնացություն Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցի և Ս. Ղազար վանք: Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն այդ օրերին Հայրենիքի սահմաններին զոհված հայ քաջարի զինվորների հոգիների հանգստության համար:
Կիրակի` դեկտեմբերի 20-ին, երիտասարդները Միլանի Ս. Քառասուն Մանկանց եկեղեցում մասնակցել են Տաթև սրբազանի մատուցած Ս. Պատարագին, որին ներկա են եղել նաև Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Միլանի հայ համայնքի ատենապետ Սարո Խուդավերդյանը և համայնքի բազմաթիվ անդամներ: