22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

12 համայնքներ կապահովվեն ոռոգման ջրով

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացնում է հետևյալ պարզաբանումը.

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը մշակվել է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր»-ի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ծրագիրն ունի 3 բաղադրիչներ, որոնցից 1-ով է միայն նախատեսված ոռոգման մեխանիկական համակարգերի փոխարինում ոռոգման ինքնահոս համակարգերով: Այս բաղադրիչի շրջանակներում նախատեսված է եղել 4` Մեղրիի, Քաղցրաշենի, Գեղարդալճի և Բաղրամյան Նորակերտի ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցում:  «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր»-ի ընդհանուր արժեքը` իր 3 բաղադրիչներով հանդերձ, կազմում է 37.5 մլն դոլար է (որից միայն 30 մլն. դոլարն է վարկային միջոց): Այսքանն արդեն բավարար է հասկանալու համար, որ հրապարակումներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Քաղրցրաշենի ծրագրի արժեքը կազմում է 100 մլն դոլար, անհիմն է և մտացածին:

Նախագծի բնապահպանական և սոցիալական հարցերը.

Քաղցրաշենի նախագծի վերաբերյալ ՀՀ օրենսդրության և Համաշխարհային բանկի ընթացակարգերին համապատասխան կազմակերպվել և անց են կացվել մի շարք հանրային քննարկումներ, որոնց գերակշիռ մասը` հենց Գառնի համայնքում: Հանրային քննարկումների ընթացքում բնակիչներին հուզող բոլոր հարցերին տրվել են հիմնավոր պարզաբանումներ: Նախագիծն անցել է նաև բնապահպանական փորձաքննություն և ստացել փորձաքննական դրական եզրակացություն: Այս ամենն ապացույցն է այն իրողության, որ նախագիծը փաստացի որևէ բնապահպանական վտանգ չի ներկայացնում: Նախագծի իրականացմամբ սպասվող սոցիալական ազդեցություններն ու ռիսկերը նույնպես հաշվի են առնված և այդ ուղղությամբ նույնպես իրականացվել են մի շարք աշխատանքներ` այդ թվում նաև Գառնի համայնքի բնակիչների շրջանում վերջերս կազմակերպված ֆոկուս խմբային քննարկումները: Այս համատեքստում հատկապես կարևորվել են Ազատի կիրճի հողօգտագործողները, որոնց մանրամասը ներկայացվել է նախագծային սխեմաներն ու քարտեզները և պարզաբանվել որ, համաձայն նախագծային տվյալների վերջիններիս հողատարածքները որևէ վնաս չեն կրելու: Այնուամենայնիվ վստահեցնում ենք, որ չնախատեսված ռիսկերի դեպքում համապատասխան փոխհատուցում կտրվի. Դրա վերաբերյալ հավաստիացնող պաշտոնական գրությունը ներկայացվել է Գառնի համայնքի ղեկավարին և համայնքի բնակիչներից յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ բովանդակությանը:

Նախագծի տնտեսական հարցեր.

Նախագծի միակ նպատակը ՀՀ Արարատի մարզի 12 համայնքների շուրջ 700 հողատերերի 1232 հա հողերի ապահովումն է ինքնահոս ոռոգման ջրով: Ընդ որում, ֆիզիկապես դա հենց այն նույն ջուրն է, որի կառավարման ձևը ժառանգել ենք խորհրդային կարգերից, ինչի արդյունքում այժմ նշված համայնքները ջուրը ստանում են մեխանիկական եղանակով՝ պոմպակայանի միջոցով` Արտաշատի մայր ջրանցքից, որն էլ իր հերթին սնվում է Ազատի ջրամբարից: Քաղցրաշենի ինքնահոս համակարգի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի այդ նույն ջուրը գյուղացուն հասցնել ինքնահոս եղանակով, որը թույլ կտա ՀՀ պետական բյուջեում տարեկան տնտեսել շուրջ 500 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, այս և այլ տնտեսումների և միջազգային դոնորների համաֆինանսավորմամբ նախատեսվում էր շուրջ 600 մլն ՀՀ դրամի լրացուցիչ ներդրումների միջոցով իրականացնել Գառնի համայնքի մայր ջրանցքի շուրջ 6,12 կմ-ի կապիտալ վերանորոգումը և 3.53 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման ներքին ցանցերի վերականգնում, ինչը կբարձրացնի Գառնի համայնքի գրեթե ամբողջությամբ ոռոգվող կադաստրային հողատարածքների ջրապահովվածությունը և թույլ կտա լրացուցիչ ոռոգել ևս 280 հա հողատարածք: Ի դեպ, հրապարակումներում արծարծվող Գառնի համայնքի շուրջ 600-1000 հա չոռոգվող հողատարածքների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը:

Համայնքի բնակիչներին հուզող հարցեր.

Ազատ գետի բնապահպանական թողքի պահպանում. Սա եղել է նախագծի կարևորագույն պահանջներից մեկը և ի սկզբանե այս խնդիրը դրված է եղել նախագծային կազմակերպության առջև: Նախագծում տրված են այնպիսի լուծումներ, որը ընկալելի և մատչելի ձևով փոխանցվել է համայնքին և յուրաքանչյուր բնակիչ կարող է ծանոթանալ գլխամասային հատվածի սխեմատիկ գծագրին` համոզվելու համար, որ գետում պահպանվելու է բնապահպանական հոսքը: Հոսքի անցման ստորին նիշը 0.5մ-ով ավելի ցածր է տեղակայված քան Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի խողովակաշարի մուտքն է, այսինքն տեխնիկական առումով կառույցը թույլ չի տա նախագծվածից ավելի ջուր վերցնել էկոլոգիական թողքի հաշվին:

Քաղցրաշենի ինքնահոս համակարգի խողովակաշարը տեղակայվելու է Ազատ գետի աջ ափին և անցնելու է կիրճում գործող համայնքային ճանապարով, ինչը նշանակում է, որ այս համակարգի կառուցմամբ ծառահատումներ չեն լինելու, լրացուցիչ բնական տարածքներ չեն խաթարվելու և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կամ կիրճում գտնվող բնության հուշարձաններին որևէ վտանգ չի սպառնալու:

Ի դեպ, ընդառաջելով գառնի համայնքի բնակիչների մտահոգությանը` կապված կիրճում տեղակայված բնության հուշարձանների հետ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հուշարձանները ավելի քան 1 կմ հեռու են տեղակայված նախագծի իրականացման տարածքներից:

Ընդհանուր առմամբ, նախագծային և ետնախագծային փուլերում հաշվի է առնվել նաև Գառնի համայնքի բնակիչների առաջարկները: Այս համատեքստում եղել են բազմաթիվ լրացուցիչ տեղագրական ուսումնասիրություններ և հետազոտություններ (մասնավորապես բարձունքային նիշերի, ջրի որակի, այլընտրանքային գլխամասի և այլն), որոնց արդյունքները եղել են բաց, հրապարակային և հասանելի բոլոր շահագրգիռ կողմերին:

Եվս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը Քաղցրաշենի  նախագծի վերաբերյալ անցկացնել հանրային, մասնագիտական և ցանկացած այլ ձևաչափի քննարկում, քանի որ նախագիծը հիմնավորված է համապատասխան հետազոտական տվյալներով, ուսումնասիրության արդյունքներով, քարտեզագրական և սխեմատիկ նյութերով, ինչպես նաև տնտեսական շահավետության, բնապահապանական և սոցիալական անվտագնության բավարար ցուցանիշներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ