Որտե՞ղ այս տարի Նոր տարին կդիմավորեն հայաստանցիները
Ամանորն արտերկրում դիմավորել ցանկացող հայաստանցիներն այս տարի ևս նախորդ տարիների նման գալիք տարին Վրաստանում, Դուբայում (ԱՄԷ), և այլ երկրներում կդիմավորեն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Mush-E» տուրիստական գործակալության գլխավոր մենեջեր Նվարդ Զաքարյանը:
«Հայաստանցիները հիմնականում ցանկանում են հանգստանալ այն երկրներում, որոնց հետ հնարավորինս պարզեցված է վիզային համակարգը»,- նշեց տուրիստական ընկերության աշխատակիցը:
Զաքարյանի փոխանցմամբ` այս տարի շատ են եղել դեպքերը, երբ Եգիպտոսում հանգստանալ և տոներն այնտեղ անցկացնել ցանկացողները հրաժարվել են ամանորյա փաթեթից` կապված Եգիպտոսի վերջին դեպքերի հետ: «Ընկերություններ կան, որ իրականացնում են թռիչքներ, բայց քչերին է հաջողվում ամբողջապես իրացնել նախապես սհամանված փաթեթները»,- նշեց գլխավոր մենեջերը:
Տիկին Զաքարյանը մեզ ներկայացրեց նաև ամանորյա փաթեթեների գները: Այսպես` Հայաստանում մեծ պահանջարկ ունեն ծաղկաձորյան հյուրանոցներն ու ռեստորանները, որտեղ գները համեմատած ավելի բարձր են. երկու անձի համար 5-օրյա փաթեթը 250 հազարից մինչև 1.5 միլիոն դրամ է կազմում: «Ծաղկաձորում, սակայն, մշտապես տեղերի խնդիր կա. այնքան շատ են դիմողները, որ միշտ թափուր տեղերի խնդիր է առաջանում: Կան նաև ավելի մատչելի հյուրանոցներ, որոնք հիմնականում պահանջարկ չունեն: Բացի Ծաղկաձորը մեծ պահանջարկ ունի նաև Աղվերանը, որտեղ ամանորյա փաթեթի գինը 2 անձի համար միջինը 500 հազար դրամ է»,- ընդգծեց մեր բանախոսը:
Զաքարյանը նշեց նաև, որ վերջին տարիներին հայաստանցիները և արտերկացիներն Ամենորը նաև Արցախում են տոնում, որտեղ 2 անձի համար 5-օրյա փաթեթի գինը 150 հազարից է սկսում:
Ինչ վերաբերում է Հայաստանից արտերկիր գնալուն և տոներն արտերկրում նշելուն, ապա ամենապահանջված Թիբիլիսին է, որտեղ Ամանորը կարելի է դիմավորել 230 դոլարով` մեկ անձի համար: «Համեմատաբար թանկ են դեպի Դուբայ և Էմիրություններ առաջարկվող ամանորյա փաթեթեները. այստեղ միայն ավիատոմսի արժեքը 350 հազար դրամ է, իսկ հյուրանոցները մեկ անձին հյուրընկալում են 500 դոլարից սկսած»,- եզրափակեց Նվարդ Զաքարյանը: