15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ միջոցառումներ կլինեն Երևանում Նոր Տարուն

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների ծրագրի ու տոնական ձևավորման վերաբերյալ մանրամասներն է ներկայացրել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին` ժամը 20:00-ին,  Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության միացմամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Երևանի քաղաքապետարանը Ամանորը Հանրապետության հրապարակում դիմավորել ցանկացող երևանաբնակներին, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերին դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ից հրավիրում է տոնական համերգային ծրագրի: Ինչպես այս, այնպես էլ մյուս միջոցառումների ժամանակ սպասվում են թեմատիկ նոր երգերի պրեմիերաներ: Այդ օրը մետրոպոլիտենը կաշխատի  մինչև ժամը 02:00-ը:

Հունվարի 5-ին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի շուրջ կանցկացվի «Քեզ՝ փոքրիկ» մանկական զվարճալի ծրագիրը:  Իսկ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգային ծրագրի շրջանակում կհնչեն հոգևոր ու ազգային երաժշտություն և երգեր:

«Հատկապես վերջին տարիներին մեր համաքաղաքացիների շրջանում աճել է բացօթյա միջոցառումների նկատմամբ հետաքրքրությունն ու սերը: Սա, իհարկե, շատ հաճելի է, սակայն,  միաժամանակ պարտավորեցնում է ամեն անգամ մտածել նոր ու առավել հետաքրքիր լուծումներ»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Տոնական բոլոր օրերին` առավոտյան ժամը 12-ից մինչ 20:00-ն, Երևան ժամանած Ձմեռ պապը Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում պատրաստված դղյակում կընդունի բոլոր փոքրիկներին, ովքեր կարող են հանդիպել Ձմեռ պապին, զրուցել, լուսանկարվել նրա հետ:

Միջոցառումների ծրագրում առկա է նաև սոցիալական բաղադրիչ, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն:

«Սոցիալական բաղադրիչի շնորհիվ մայրաքաղաքի շուրջ 23 հազար անապահով ընտանիքների վարչական շրջանների աշխատակազմերի միջոցով կտրամադրվի պարենային աջակցություն: Շուրջ 40 հազար երեխաների համար նույնպես նվերներ են նախապատրաստված: Բացի այդ, ևս  4000 երեխաներ էլ հնարավորություն կունենան անվճար այցելել քաղաքապետարանի ենթակայության թատրոններ, դիտել ամանորյա ներկայացումներ»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության մասով նշվել է, որ աշխատանքներն այս տարի ընդգրկել են վարչական շրջանների ավելի մեծ թվով հատվածներ: Տարվա հիմնական խորհրդանիշ գույնն է լինելու մուգ կարմիրը, ինչն ընդգծվելու է նաև տոնական ձևավորումներում:

Արամ Սուքիասյանը տեղեկացրել է նաև, որ բազմաթիվ բացօթյա և դահլիճային տոնական միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում: Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին՝ «Իմ հին ու նոր  Նոր տարի» ծրագրով:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ