Գնելը դանակով հարվածել ու խեղդել է. դատը նորից հետաձգվեց
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այս տարվա հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։
Այս անգամ պատճառը ամբաստանյալներից Մովսես Ազարյանի պաշտպանի բացակայությունն էր։ Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը կարծում է, որ դատական նիստերի հետաձգման հիմնական նպատակը մեկն է՝ ցանկանում են այս տարի ոչ մի դատական նիստ չիրականացնել։ Այնուհետև խոսելով դեպքի մասին ասաց.
«Գնելն է կատարել այդ սպանությունը, նա դանակով հարվածել է և խեղդել մնացածի հետ։ Դա աբսուրդ է, ամենավերջին մարդը պետք է լինես, որ այդպիսի հայտարարություն անես։ Սպանության օրը նույնիսկ այնտեղ կուրսանտներ կան ասում են՝ երբ իմացա Հայկազին գտել են պտտաձողից կախված, ես վազելով գնացի այնտեղ, այդ դիրքը տեսա նրա կանգնած և հասկացա միանգամից, որ սա սպանություն է։ Այդ 18 տարեկան կուրսանտը հասկանում է, որ սպանություն է եղել, իսկ ինքը՝ փաստաբան լինելով չի հասկանում»,-այսօր՝ դեկտեմբերի 17-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ լրագրողներին ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
Նշենք, որ հերթական անգամ դատական դատական նիստը հետաձգվեց Գնել Թորոսյանի պաշտպան Արա Զաքարյանի և ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանի բացակայության պատճառով:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11.00-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։