Սկանդալ. ինչպես է կեղծվում Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը
ՈւԵՖԱ-ն կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Վերջերս տեղի ունեցած ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի Փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը, ինչպես պնդում են շվեդ լրագրողները, կեղծվել է։ Նրանք մեղադրել են նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Խավյեր Դզանետտիին, ով հանում էր վիճակահանության գնդակները, կեղծարարության մեջ։ Նշվում է, որ Դզանետտին նախապես գիտեր, թե կոնկրետ որ գնդակն է պետք հանել զամբյուղից։
Վիճակահանությունը տեղի է ունեցել Միլանում, եւ դրա ընթացքում նույնիսկ հեռուստադիտողներն են նկատել, որ նախկին ֆուտբոլիստը տարօրինակ կերպով է հանում գնդակները, հայտնում է Газета.Ru-ն։
Ֆուտբոլիստը խառնել է գնդակներ, սակայն մեկը մշտապես պահել է մատներով, հետո հենց դա էլ հանել։
Առաջինն այս մասին գրեց շվեդական մամուլը։ Նրանք նշում էին, որ Դզանետտին այսպիսով Մադրիդի «Ռեալ»-ի համար մրցակից թիմ հանել է «Ռոմային»։ Մյուս կողմից, սակայն, անհասկանալի է, թե ինչու պետք է ֆուտբոլիստը հենց այսպես կեղծեր, եթե կեղծում էր, կարող էր շատ ավելի թույլ թիմ ընտրել։
Ընդհանրապես, սա առաջին դեպքը չէ, երբ ՈւԵՖԱ-ին մեղադրում են կեղծարարության մեջ, որ նրանք եվրոլիգաների վիճակահանության ժամանակ ուժեղ թիմերի համար հատուկ թույլ մրցակիցներ են հանում։ Դե դա լուրջ պատճառ ունի՝ չի կարելի, որպեսզի ուժեղ թիմերը շուտ դուրս թռնեն, դա կբերի նրանց երկրպագուների կորստի, հետեւաբար՝ փողի կորստի։
Սոֆի Լորենի տաքացրած գնդակները
Ամենամեծ սկանդալը, որ տեղի է ունեցել վիճակահանությունների կեղծարարության հետ կապված, կապված է հանրահայտ դերասանուհի Սոֆի Լորենի անվան հետ։ 1990 թվականին Իտալիայում անցկացվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Վիճակահանությունն անցկացնելու պատիվը տրված էր Սոֆի Լորենին։ Եւ վիճակահանությունն անչափ բարեհաջող դասավորվեց Իտալիայի հավաքականի համար, նրան այնպիսի մրցակիցներ բաժին հասան, որ Իտալիայի՝ հաջորդ փուլ դուրս գալը կասկածի տեղիք տալ չէր կարող։
Առաջինն այս մասին բարձրաձայնեց այն ժամանակ Արգենտինայի հավաքականի ավագ Դիեգո Մարադոննան։ Նա կազմակերպիչներին մեղադրեց կեղծարարության մեջ։
Անմիջապես երկու տարբերակի մասին սկսեց շրջանառվել։ Առաջինն այն էր, որ Լորենը մագնիսով մատանի է կրել, եւ իրեն պետք եղած գնդակն ինքն է դեպի նրա ձեռքն եկել։
Երկրորդը, որ անհրաժեշտ գնդակները նախապես տաքացվել էին։ Շատերը հակված էին հենց այս տարբերակին, քանի որ նկատելի էր, որ Լորենը մատների ծայրով էր գնդակները տալիս Զեպ Բլատերին, մտածում էին, որ դրանք չափից շատ են տաքացրել։
Այն ժամանակ Իտալիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պարտվեց Արգենտինայի հավաքականին։ Այստեղ, փաստորեն, Լորենն անզոր էր օգնել հարազատ հավաքականին։