“Պարոն նախագահ, մենք մեր ներդրումն անելու ենք միայն Կապանում” /վիդեո/
Քաջարանում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին հարց ուղղվեց. Սյունիքն ունեցել է օդանավակայաններ, ինչպե՞ս է տեսնում նախագահը այն հարցը, որ գոնե մի օդանավակայան գործարկվի եւ նաեւ Սյունիքը օդային շփում ունենա: Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, ասաց, որ ավիացիայի պետին արդեն հանձնարարված է, որ զբաղվի եւ ներկայացնի եզրակացություն, թե Սյունիքի մարզի որ օդանավակայանն է շահագործման ենթակա:
“Կարծում եմ դա առաջիկայում կլուծվի, մանավանդ այն դեպքում երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Կապանի “Դինո Գոլդ մայնինգ Քոմփնի”-ն պատրաստակամություն են հայտնել ֆինանսական ներդրումներ անել: Ավելին ասեմ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ասել է, որ առավել ամեն ինչ կանի”,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ երեկ Կապանում Սերժ Սարգսյանը հանդիպել է “Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի” ՓԲԸ ղեկավարության հետ: Ընկերության գործադիր տնօրենը առաջարկել է վերականգնել Կապանի օդանավակայանը, որի համար իրենք պատրաստակամ են խոշոր ներդրում անել:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ասել է, թե Կապանի օդակայանի շահագործումը ծախսատար է` առաջարկելով ընտրել Գորիսի օդանավակայանը: Սակայն ավելի քաջատեղյակները նկատել են, որ Կապանի օդանավակայանն ավելի հեշտ է շահագործել: “Պարոն նախագահ, մենք մեր ներդրումն անելու ենք միայն Կապանում”,-կեսկատակ-կեսլուրջ նկատել է “Դինո Գոլդ Մայնինգ” ՓԲԸ գործադիր տնօրենը: