«Մարդիկ արկածախնդիրների գործիք դառնալ չեն ուզում». Նաղդալյանը՝ Փոստանջյանին

-Տիկին Նաղդալյան այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին ,,փայլեց,, իր արտառոց պահվածքով՝ տարբեր էպիտետներ, որակումներ շռայլելով քաղաքական ուժերին, այս անգամ սևեռվելով ԲՀԿ-ի վրա:
-Ուրիշների մասին խոսելու , ,,դարդ անելու,, փոխարեն լավ կլիներ մտածեին իրենց կուսակցության և խմբակցության մասին, որը հենց իրենք ջախջախեցին: Ժողովրդի տված քվեն ՝ հավատը և վստահությունը իրենց նկատմամբ փոշիացրեցին, ոչնչացրեցին: Իրենց կուսակից և խմբակցության անդամ գործընկերների հետ անգամ խորհրդարանի դահլիճում միասնական, համախմբված հանդես գալ չեն կարողացել, մտածում են, թե պետք է կարողանան ժողովուրդ համախմբե՞լ: Ի՞նչ գաղափարներով: Որքան վատ, այնքան լավ գործելակերպո՞վ, մարդկանց օրինախախտումների դրդելո՞վ: Ակնհայտ է չէ՞, որ մեր քաղաքացիները այդ մի խումբ մարդկանց արկածախնդրության գործիք դառնալ չեն ուզում և չեն դառնում, չեն գնում նրանց հետևից, չեն արձագանքում անհնազանդության և այլ կոչերին: Ինչքան ավելի բարձր բղավեն, կարգազանց և անկառավարելի պահվածք ցուցաբերեն, ինչքան հանդուգն պահեն իրենց, քմահաճ արարքներ թույլ տան, դրանից իրենց կոչերի կամ ելույթների նկատմամբ համակրա՞նքն է ավելանալու: Ժամանակը ցույց տվեց, որ հակառակն է տեղի ունենում, եղածն է կորում: