Այս փոփոխությունները թույլ են տալիս ավելի վստահ լինել մեր պետության անվտանգության ապահովման հարցում․ Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո
Նախագահ Սերժ Սարգսյանը, ս.թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների ամփոփումից հետո, ՀՀ Նախագահի նստավայրում այսօր երեկոյան հյուրընկալել է բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով, որի սկզբում առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանին պատուհասած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ մենք միասին հատեցինք մի կարևոր եզրագիծ, որի առաջ կանգնած էինք վերջին երկու տարիների ընթացքում: Խոհեմության, հեռատեսության և հավատի լույսը ցրեց անորոշության, կասկածների ու մտահոգությունների մառախուղը: Երեկ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը, և դրա շնորհիվ հայկական պետականությունն այսօր արդեն թևակոխում է իր զարգացման հաջորդ փուլ:
«Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք: Հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է: Ավելին, այս փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ երկրի ներսում ճակատ-ճակատի դուրս գալու ու կռիվ տալու կարիքը չլինի:
Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է: Դա նշանակում է ուժեղ իշխանության և ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում: Դա նշանակում է նաև զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն նախապայմաններից մեկն է: Անցումը խորհրդարանական համակարգին ժողովրդի համար կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների գործունեության առավել մեծ թափանցիկություն: Այսուհետ հստակեցվում է գործադիր իշխանության պատասխանատվությունը և բարձրանում է նրա հաշվետվողականությունը, իսկ դրա գործունեությունը խորհրդարանի և ժողովրդի համար դառնում է ավելի կանխատեսելի:
Ի վերջո, այս փոփոխությունները թույլ են տալիս ավելի վստահ լինել մեր պետության անվտանգության ապահովման հարցում: Զինված ուժերի ղեկավարումը և օպերատիվ կառավարումն ապահովող սահմանադրական լուծումները թույլ են տալիս արագ և արդյունավետ որոշումներ կայացնել թե՛ մեզ համար արդեն սովորական դարձած իրավիճակում, և թե՛ ճգնաժամային իրավիճակներում:
Շատ շատերիս հիմնական մտահոգություններից մեկը եղել է ազգային անվտանգության ու պաշտպանության խնդիրների վրա այս փոփոխությունների ազդեցությունը: Հավատացեք, որ այստեղ միլիմետրի ճշգրտությամբ ամեն ինչ հաշվարկել ենք: Հակառակ պարագայում՝ նվազագույն իսկ վտանգի դեպքում, ես ինքս կկասեցնեի այս գործընթացը:
Հարգելի՛ գործընկերներ,
Շատ կարևոր էր, որ քարոզարշավի ընթացքում «Այո» էին քարոզում ինչպես Հանրապետական կուսակցությունը, այդպես էլ խորհրդարանում ներկայացված Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ:
Այդ «Այո»-ն չէր նշանակում, որ մեր մեջ տարաձայնություններ, բանավեճեր և սուր քննարկումներ չեն եղել: Թե որքան ենք ունեցել, միայն մենք գիտենք: Այնուամենայնիվ, մենք մշտապես ուժ էինք գտնում մեր մեջ փոխզիջումների գնալու, փոխադարձ ընդունելի տարբերակներ մշակելու:
Վստահ եմ, որ համագործակցության այս շրջանակը շարունակելու է ընդլայնվել՝ հանուն մեր ազգային պետության, հանուն Հայաստանի Հանրապետության:
Այս բարեփոխումը շատ կարևոր ու նոր հանգրվան է Հայաստանի պետության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ճանապարհին: Արդիականացված մեր Սահմանադրությանը այժմ պետք է տանք նոր ուժ, նոր միս ու արյուն:
Մեր բռնած ճանապարհը դեռ ավարտված չէ: Ընդհակառակը, մենք այսօր, իսկ նոր ճանապարհի մեկնարկ ենք տալիս:
Սահմանադրության բարեփոխումը պետք է համարժեքորեն արտացոլվի Հայաստանի Հանրապետության ողջ իրավական համակարգի մեջ: Պետք է ընդունվեն մի շարք սահմանադրական օրենքներ, փոփոխություններ պետք է կատարվեն հարյուրավոր օրենքներում:
Այսօր ևեթ պետք է լցվենք աշխատանքի, որպեսզի պատրաստենք նոր Ընտրական օրենսգիրք: Այդ աշխատանքը պետք է ավարտած լինենք մինչև 2016թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ:
Մենք պատրաստ ենք ամենաբաց և ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձևաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը: Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը և մեզ հետ հավասար կլծվեն այս կարևոր աշխատանքին:
Մենք մեր հերթին պատրաստ ենք աշխատել, որպեսզի նոր Ընտրական օրենսգիրքը համապատասխանի միջազգային լավագույն փորձին: Մենք քաջ գիտակցում ենք, որ առաջիկա ընտրությունների որակով է առավելապես պայմանավորված մեր պետության, մեր ժողովրդի վաղվա օրը: Ուստի և, աշխատելու ենք բաց և թափանցիկ, քանի որ ամենաթանկն ենք համարում վստահությունը և դրա ամրապնդումը:
Անկեղծ երկխոսությունը, երկրում հանրային կյանքի կարգավորման ոլորտում առկա խնդիրների լուծումը մեր երկրի զարգացման նախապայմաններն են:
Այսօր մեզ անհրաժեշտ է վստահություն ոչ միայն քաղաքական ուժերի միջև, այլև հանրության մեծ վստահություն քաղաքական ուժերի հանդեպ: Միայն այդ կերպ քաղաքական ուժերը կկարողանան կայանալ՝ որպես փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչներ: Ազգային ժողովը պետք է դառնա գաղափարական բանավեճերի, երկրի համար կարևորագույն լուծումներ գտնելու թիվ մեկ հարթակը:
Ընտրությունների արդյունքում չպետք է լինեն ամեն ինչ ստացողներ, և ամեն ինչ կորցնողներ:
Եվ այսօր, երբ մենք միասին կանգնած ենք նոր ճանապարհի սկզբին, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս երկու տարիների ընթացքում իրենց ջանքերով և նվիրվածությամբ նպաստել են գործընթացին: Ես շնորհակալություն եմ հայտնում մասնագիտական հանձնաժողովի նախագահին, անդամներին իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և սկզբունքայնության համար: Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերի ղեկավարներին և ներկայացուցիչներին, այն անհատ քաղաքացիներին, ովքեր հավատացին ու սատարեցին այս նախաձեռնությանը: Շնորհակալություն հանրաքվեի գործընթացի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցած բոլոր անձանց: Սա մեծ ու ընդգրկուն աշխատանք էր, որը մենք անցանք ուս ուսի:
Այս ընթացքում ես մեկ անգամ չեմ խոսել արդար և թափանցիկ հանրաքվե անցկացնելու կարևորության մասին: Մի բանում առավել քան վստահ եմ. իրավապահ մարմիններն ամեն ինչ արեցին, որ այս համապետական միջոցառումն անցնի բնականոն հունով: Այժմ արդեն իրավասու մարմինները պետք է պատշաճ ընթացակարգերի շրջանակներում օրենքի տառին և ոգուն համապատասխան գնահատականներ տան խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին: Սա իսկապես կարևոր է վաղվա համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր արդեն մենք շատ ավելի պատրաստ ենք արդյունավետ պետության կայացման ճանապարհի հաջորդ քայլերն իրապես ամուր դնելու համար: Վստահ եմ, որ կարողանալու ենք արդեն քառորդդարյա պետականության փորձով իմաստնացած՝ տարբերակել մնայունը անցողիկից, կարևորը՝ երկրորդականից: Եվ, ամենակարևորը, վստահ եմ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ կարողանալու ենք իշխանությունը դարձնել ոչ թե ունակ ուժերն իրարից բաժանելու, այլ դրանք իրար միացնելու գործոն: Պետության ամրությունը պայմանավորված է ոչ թե սոսկ իշխանությունների մտադրություններով, անկեղծ ցանկություններով ու խոստումներով, այլ դրանք իրականություն դարձնելու կայուն համակարգի գոյությամբ: Մենք գործուն և տրամաբանական համակարգի կայացման առաջին, բայց կարևոր քայլն արդեն արեցինք: Մյուս բոլոր քայլերն էլ ենք միասին անելու ու միասին ենք մեր սերունդներին թողնելու արդյունավետ պետություն:
Շնորհակալություն բոլորին դրա համար»: