Տեղի է ունեցել լրջագույն հանցագործություն. Օսկանյանը՝ հանրաքվեի ընթացքի մասին
ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հանրաքվեի մասին.
Ես քվեարկել եմ Երևանում, Գրողների միության շենքում, որն ուներ երկու ընտրատեղամաս՝ 9/23 և 9/24: Կարծեմ՝ քվեարկել եմ 9/23-ում: Բնականաբար ասել եմ՝ ոչ:
Քվեարկության հատուկ գնացել էի ուշ երեկոյան, որպեսզի պատկերացում կազմեի օրվա ընթացքում քվեարկողների թվի և քվեարկության ընթացքի մասին՝ նաև հարցուփորձի միջոցով: Երբ սեղանի հետևում նստած հանձնաժողովի անդամը, մատյանի էջերը թերթելով, փորձում էր գտնել իմ անունը, նկատեցի, որ արդեն օրվա վերջում հազիվ 30 տոկոսն էր քվեարկել:
Այսօր նայում եմ պաշտոնական թվերը և տեսնում, որ իմ գնահատականը մոտավորապես ճիշտ էր: 9/23-ում գրանցված է եղել 1716 ընտրող, քվեարկել է 469-ը, որոնցից 103-ը՝ այո, 347-ը՝ ոչ: Իսկ 9/24-ում գրանցված է եղել 1360 ընտրող, քվեարկել է 497-ը, որոնցից 144-ը՝ այո, 328-ը՝ ոչ:
Ես համոզված եմ, որ ընդհանուր հանրապետությունում քվեարկության իսկական պատկերը հենց սա կլիներ, եթե չլինեին համատարած ընտրախախտումները:
Իհարկե, իմ եզրակացությունը չեմ կառուցում միայն այս ընտրատեղամասի արդյունքների վրա, այլ հիմնվում եմ երեկ և այսօր լրատվամիջոցներում և սոցցանցերում ներկայացված խախտումների տեսանյութերի, դիտորդների գնահատականների, բազմաթիվ լրագրողների և քաղաքացիների հետ իմ զրույցների վրա:
Ես կարծում եմ, որ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել լրջագույն հանցագործություն, որի արդյունքում հայ ժողովուրդը զրկվել է Հայաստանի ապագային վերաբերող ամենակարևոր հարցի շուրջ իր կամքն արտահայտելու հնարավորությունից: