6 տարի` առանց Հրանտ Դինքի /վիդեո/
Այսօր լրանում է հայազգի լրագրող, ստամբուլյան “Ակոս” թերթի խմբագիր, Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանություններին մշտապես հակադրվող, այսպես ասենք Թուրքիայում հայության դեսպան` լրագրող, Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետապնդվող /կարելի է դեռ երկար թվարկել-խմբ./ Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցը: Դինքը դաժանորեն սպանվեց 2007-ի հունվարի 19-ին` իր խմբագրության առջեւ:
Հրանտ Դինքը ծնվել է 1954-ին Մալաթիայում, Ստամբուլ է տեղափոխվել 7 տարեկանում: Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետները, ծառայել բանակում, որից հետո սկսել է իր լրագրողական կարիերան:
Սպանությունից կարճ ժամանակ անց ձերբակալվեց Օգյուն Սամասթ անունով 17-ամյա երիտասարդը, ով խոսոտվանել էր, որ հանցանքն ինքն է կատարել: Շուրջ 5 տարի տեւած դատավարության արդյունքում նրան դատապարտեցին 22 տարվա ազատազրկման, իսկ սպանության պատվիրատու Յասին Հայալին` ցմահ ազատազրկման: Չնայած դրան, Դինքի ընտանիքի անդամները եւ մերձավորները բողոքարկեցին դատավճիռը: Նրանք համոզված են, որ հանացագործության ետեւում հանցագործ խմբավորում է կանգնած, գուցե նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ գուցե հենց այդ պատճառով էր, որ սպանությունից հետո համացանցում հայտնվեցին սկանդալային կադրեր, որոնցում թուրք ոստիկանները նկարվում են մարդասպան Օգյուն Սամասթի հետ, շատերը նույնիսկ հերոսացնում են նրան:
Դատավարության ողջ ընթացքն էր ամոթալի եւ անհեթեթ: Սամասթի եւ Հայալի ազատազրկման վճիռը կայացնելու հաջորդ օրը պարզվեց, որ դատարանը Դինքի գործով 19 մեղադրյալներից 18-ի գործն է քննել` մոռանալով մեկի մասին: Ամոթալի վճիռը կայացրած դատավորը հայտարարել էր, որ իրեն եւս դուր չի գալիս իր իսկ կայացրած վճիռը: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր “Ժողովրդա-հանրապետական” կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, թե “դա է Էրդողանի արդարադատությունը”: Չուսումնասիրված մնացին գործին առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, ցուցումք չտվեցին բազմաթիվ վկաներ: Ընդամենը վերջերս Վճռաբեկ դատախազության պահանջով որոշվեց վերանայել վճիռը, քանի որ սպանության մեջ հանցախումբ կա:
Այս տարիների ընթացքում սպանութան փաստերը թաքցնող պաշտոնյաների դիրքերը գնալով բարձրանում են` նրանք նոր պաշտոններ ե ձեռք բերում: Դինքի դատավճիռը կայացվել էր 24 հոգու կողմից, որոնցից 18-ը կողմ էին արտահայտվել, 6-ը` դեմ: Հրանտ Դինքին թուրքական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտած դատավոր Նիհաթ Օմերօղլուին վերջերս Թուրքիայի օմբուդսմեն դարձավ: Դատական գործը բացելու թույլտվություն տված Արդարադատության գլխավոր խպորհրդական Ֆահրի Քասըրգան դարձել է Արդարադատության նախարար:Հասան Էրբիլը, ով եւս կողմ էր արտահայտվել Դինքի դատապարտմանը, դատավարությունից հետո դարձել է Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ: Դատավճիռը հաստատած 9-րդ դատարանի նախագահ Հասան Գերչեքերը դարձել է վճռաբեկ դատարանների նախագահ:
Ի հակադրություն այս ամենի` Դինքի դատավճռին դեմ արտահայատված Օմեր Ֆարուք Էմինօղլին, ով այն ժամանակ վճռաբեկ դատարանի դատախազն էր, Ստամբուլից աքսորվել է Չանքըրայի դատարան:
Սպանությունից առաջ Դինքը բազմիցս խոսել էր այն մասին, որ իրեն վտանգ է սպառնում, որի պատճառով ինքն ստիպված է մշտապես զգուշանալ, սակայն ոստիկանությունը ոչ մի կանխարգելիչ քայլ չձեռնարկեց: “Ես չեմ սարսափում, որովհետեւ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում”. գրել էր Դինքն իր վերջին հոդվածում` ինքն իրեն համեմատելով աղավնու հետ: Ավաղ… Հրանտը սխալվեց:
Դինքի սպանությունը հզոր բողոքի ալիք բարձրացրեց Թուրքիայում: Բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան, որի մասնակիցները արդարություն էին պահանջում` վանկարկելով “բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք” լոզունգը: Ինչպես ամեն տարի հունվարի 19-ին, այս տարի եւս Ստամբուլում հիշատակի միջոցառումներ տեղի կունենան`նվիրված Հրանտ Դինքին: