Հարկային խառնաշփոթ.Ժամանակ
Մինչ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի մեկնարկը տնտեսվարողները 2009թ. կեսերից հնարավորություն ստացան հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրության համար վճարելով 15 հազար դրամ, որը միանվագ էր։ Սակայն կառավարության ներկայացուցիչները, հավանաբար հասկանալով իրենց սխալը, սահմանեցին սպասարկման վճար՝ 3000 դրամ։ Թեմային անդրադարձել է “Ժամանակ” թերթը։
2013թ. հունվարի 1-ից, երբ սկսեց գործել Եկամտային հարկը եւ էլեկտրոնային հաշվետվությունները պարտադիր դարձան բոլոր տնտեսվարողների համար, էլեկտրոնային ստորագրություններ ունեցողներն իրենք եւս պարտավոր են ձեռք բերել նույնականացման քարտ, թեեւ որեւէ օրենքով դա սահմանված չէ եւ պետք է կամավոր լինի։
“Հարկ վճարողների պաշտպանություն” ՀԿ-ից մեզ հայտնեցին, որ իրավական առումով ոչ մի հիմք չկա նույնականացման քարտ,պարտադրել արդեն իսկ էլ. ստորագրություն ունեցողներին, նրանք կարող են վճարել եւ երկարացնել դրա ժամկետը, առավել եւս, որ նույնականացման քարտը ներկայում այլ նպատակի չի ծառայում։
Անցած տարի դեկտեմբերից ոստիկանության անձնագրային բաժիններում սկսեցին հերթեր գոյանալ. խնդիրներ կային համակարգի աշխատանքի, տնտեսվարողների դիմումների ընդունման, նույնականացման քարտեր տպելու հետ կապված։ Տնտեսվարողները իրենց հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչեւ փետրվարի 20-ը, սակայն մինչեւ հիմա ոստիկանությունում հերթերը կուտակված են, եւ խնդիրը լուծված չէ։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հավաստիացրեց. “Եթե մեր մեղքով տնտեսվարողները ուշ ստանան քարտերը, չհասցնեն հաշվետվությունները ներկայացնել, մենք ստացական կտրամադրենք, որ վարույթ իրականացնող մարմնին կներկայացնեն, եւ տուգանքները կբացառվեն”։
Բայց նույնականացման քարտ ստանալը դեռ հարցի լուծում չէ։ Այն օգտագործելու համար հարկավոր են հատուկ սարքավորումներ, որոնցից ոչ մեկն առայժմ չունի։
Մեկ այլ խնդիր էլ կա. hարկային մարմնի կողմից գրանցման հայտի էլեկտրոնային ձեւը արդեն տեղակայված է էլեկտրոնային հաշվետվության համակարգում, բայց հարկ վճարողներն ահազանգում են, որ չեն կարողանում լրացնել գրանցման հայտերը, համակարգը չի աշխատում։