Զուրաբյանն ասաց` ում օգտին է քվեարկելու` ոչ Բագրատյանի /վիդեո/
ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ նախագահն իր թիկունքում պետք է ունենա ժողովրդի աջակցությունը, պետք է կարողանա պայքարել կոռուպցիայի ու արտագաղթի դեմ:
Henaran.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք այդ հատկանիշներն ունի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: ”Մենք, Կոնգրեսն արդեն իր գնահատականը տվել է, շատ հստակ որոշում է ընդունել, մենք այս նախագահական ընտրությունները համարում ենք ֆարս, որին մասնակցել ուղղակի նպատակահարմար չենք համարում, դրան ավելացնելու ոչինչ չունենք”,-պատասխանեց Զուրաբյանը:
Հարցին, թե ինչպես են ուղղորդելու իրենց ընտրազանգվածին, Զուրաբյանը պատասխանեց, որ իրենք որևէ պաշտոնական որոշում այս հարցով չեն ունենալու:
”Հիմնական որոշումն արդեն ընդունված է, շատ տարբերակներ կան, քննարկումները գնում են տարբեր նախաձեռնություններում, ինձ անձամբ ինձ բավականին արդյունավետ է թվում այն գաղափարը, որ եթե մենք ընտրությունները համարում ենք ֆարս, ուրեմն ժողովուրդը հայտնի իր դիրքորոշումը, իր մանիֆեստը բերելով-գրելով քվեաթերթիկի վրա”:
Զուրաբյանը ոչ մի խորհուդ չի տալիս և ասում է, որ ՀԱԿ-ում կան այնպիսի մարդիկ, ովքեր կարծում են` պետք է ընդհանրապես բոյկոտել ու չգնալ ընտրությունների, սակայն Զուրաբյանը միգուցե անի հետևյալը. ”Ինձ անձամբ ավելի է դուր գալիս, ես երևի անսամ քաղաքացիական խմբերի կոչին, ես երևի գնամ ու իմ քվեաթերթիկի վրա գրեմ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը”,-հայտնեց ՀԱԿ համակարգողը: