Դե լավ, հիմա… ուրախանալը որն է. Հայրիկյանը` Արամ Հարությունյանին
”Գեղեցիկ է, բայց ոչ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` ի պատասխան ”Ազգային համաձայնություն” կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանի կոչին: Հիշեցնենք, այսօր Արամ Հարությունյանը Պարույր Հայրիկյանին կոչ էր արել հանել իր թեկնածությունն ու սատարել իրեն:
”Եթե ծրագրեր չունի, դա լավ չէ, որովհետև ես ծրագրերով եմ սատարում, ես պատրաստ եմ սատարել, եթե իմ ծրագրերը որդեգրեն”,-հավելեց Հայրիկյանը: Հարցին, թե արդյոք Հայրիկյանը կհանի իր թեկնածությունն ու կսատարի Հարությունյանին այն դեպքում, եթե վերջինս ընդունի նրա ծրագրերն ու գաղափարները, պատասխանեց. ”Կսատարեմ, թե ինչ ձևով սատարել, դա ես գիտեմ”: Հայրիկյանին նաև ուրախացրել է այն, որ Հարությունյանը միայն իրեն ու գործող նախագահին է աջակցելու կոչ արել: ”Եթե միայն ինձ է արժանի համարում, որ իրեն սատարեմ, վատ չի, լավ է, ապրի ինքը”,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է Հարությունյանի մեկ այլ հայտարարության, թե Հայրիկյանին ուրախացրել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նրա մոր շիրիմին ծաղիկներ է ուղարկել` ցավակցելով Հայրիկյանին, վերջինս արձագանքեց. ”Դե լավ, հիմա… ուրախանալը որն է, ես վերաբերմունք չեմ արտահայտել, ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ ցավակցել են”: