01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ձեռքս չի գնա կտրել զինվորից, ուսուցչից, թոշակառուից. Սերժ Սարգսյան / վիդեո/

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացրեց 2012-ի ձեռքբերումները, խոսեց առաջիկա անելիքների մասին` նշելով, որ կոմիտեն որպես կարգախոս վերցրել էր նախագահի այն խոսքը, որ “գնացքից հետ մնալ չկա”: “Պարոն նախագահ, մենք հետ չենք մնացել, պարզապես ռելսերն ենք փոխել”,-ասաց Խաչատրյանը:

Սերժ Սարգսյանին ներկայացվեցին նոր մեթոդներով աշխատելու տեխնոլոգիաները, հարկերի մուտքագրման ցուցանիշները եւ փաստվեց, որ ՊԵԿ-ի աշխատանքի հիմքում լինելու է մարդը: Իր խոսքում հանրապետության նախագահը բավարար գնահատեց ՊԵԿ-ի աշխատանքը, ասաց, որ որոշ մարդկանց կանխատեսումները, թե հնարավոր չէ մուտքեր ապահովել եւ համակարգը կփլուզվի, իրականություն չդարձան:

Նախագահը ՊԵԿ-ի աշխատակիցներին ասաց, որ ինքն ուզում է, որ այս տարի ավելի շատ ապահովվեն բյուջեի մուտքերը,  քանի որ պետական կարեւոր խնդիր ունենք լուծելու: Հանրապետությունն այլ ֆինանսավորման աղբյուրներ չունի: “Գուցե մեկ-երկու տարի հետո այլ աղբյուրներ ունենանք, բայց այսօր ձեզ վրա է երկրի անվտագությունն ապահովելը, բանակին, ուսուցչին կերակրելը, թոշակառուներին, հաշմանդամներին նպաստ տալը”,- ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` ինքը չի ուզում այսօր խոսել պրոբլեմների մասին, բայց սա չի նշանակում, որ համակարգում թերություն չկա: “Բոլորն էլ ունեն թերություններ` սկսած իմ անձնական գործունեությունից, վերջացրած ձեզնով, բայց երբ մարդը ցանկանում է ինքնամաքրվել, երբ համակարգն է մաքրում եւ տեսնում է, որ աշխատանքի որակն է բարձրանում, պետք չէ մարդուն ավելորդ հրել, պետք է թողնել, որ աշխատի”,-ասաց հանրապետության նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` լավ ղեկավարն այն չէ, որ ենթակայի թերությունը նկատի ու պահանջի իսկույն դա վերացնել: “Լավ ղեկավարն այն է, որ թիմում կարողանա ստեղծել մի մթնոլորտ, որ այդ թիմը հաջող աշխատի եւ յուրաքանչյուր մասնակից աշխատող համոզված լինի, որ այդ հաջողությունն իրենով է պայմանավորված”,-ասաց նախագահը:

Հանդիպման վերջում նախագահը առաջարկեց հարցերով դիմել իրեն: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրայանը նախագահից խնդրեց հիպոտեկային եւ երկարաժամկետ վարկեր տալ երիտասարդ կադրերին, որպեսզի նրանք չհեռանան համակարգից, ֆինանսավորել մաքսային լաբորատորիայի կառուցման աշխատանքները եւ աջակցել մոնիթորինգային կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը:

Նախագահը խոստացավ, որ բանկային վարկերով կօգնի ոչ միայն երիտասարդ կադրերին, այլ բոլորին, հատկապես` բնակարաններ ձեռք բերելու գործում: “Իհարկե, դեմ չեմ տեխհագեցվածությանը, իսկ ինչ վերաբերում է լաբորատորիայի շինարարությանը, դժվարանում եմ խոստանալ: Նախահաշիվը ներկայացրեք եւ հետո մի բան էլ ասեմ` դուք պետք է պետբյուջեի եկամուտներն ապահովեք, ու եթե իմ նշած թվից 2 անգամ ավելի շատ մուտք ապահովեք, իհարկե, կֆինանսավորվի: Անկեղծ եմ ասում, հավատացեք ինձ, ձեռքս չի գնա կտրեմ զինվորից, ուսուցչից, թոշակառուից”,-իր խոսքը եզրափակեց նախագահը:

Հանդիպման վերջում ՊԵԿ-ի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվեցին: Մ. Խորենացու մեդալով պարգեւատրվեց նաեւ մեր գործընկեր, ՊԵԿ-ի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ