3 միլիարդ ԱՄՆ դոլար. մեկնարկեցին խոշորագույն տրանսպորտային ծրագրերը
Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ “Հայաստանի հարավային երկաթուղի” և “Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ” ծրագրերի մեկնարկը:
՛՛Այս ծրագրերը կոչված են սկզբունքային փոփոխություն մտցնելու Հայաստանի և տարածաշրջանային հաղորդակցությունների կառուցվածքում՛՛,-ասաց նախարարը: Արդեն ստորագրվել են շինարարության կոնսեցիոն պայմանագրերը, որոնց համաձայն՝ ՛՛Ռասաիա ՖԶԷ՛՛ ներդրումային ընկերությունը իրականացնելու է Հայաստանի հարավային երկաթուղու և Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի ֆինասնավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը՝ շինարարության ավարտից հետո երեսուն տարի շահագործման պայմանով:
Ընկերությունը ներգրավել է միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, ճանապարհային կոնստրուկցիաների կառուցմամբ մասնագիտացված և մեծ փորձ ունցող ՛՛Չինաստանի՛՛ հաղորդակցային ընկերությանը՛՛, որն արդեն սկսել է աշխատանքները, և պետք է ավարտին հասցնի տասնութ ամսվա ընթացքում:
Շուրջ երեք միլիարդ դոլար արժողությամբ տարածաշրջանային նշանակության այս երկու ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանը կունենա Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին, ինչը կհանգեցնի տրանսպորտային ծախսերի և ժամանակի խնայողության՝ նպաստելով առևտրի խթանմանը :
Նշենք, որ այս ծրագրերի իրականացումը նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում: Դրանց իրագործումը երկրի ռազմավարական խոշորագույն հեռանկարներից է համարվում։
՛՛Ռասիա ՖԶԷ” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին ևս կարևորեց այս ծրագիրը՝ նշելով, որ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում այն մեծ փոփոխություններ է բերելու:
Լրագրողների հետ զրույցում Բեգլարյանը նշեց, որ այս ծրագրերի իրականացման համար նախատեսված երեք միլիարդ դոլարը հատկացնելու են վերանշյալ երկու կազմակերպությունները, իսկ պետական բյուջեից այստեղ գումար չի ներդրվելու: Ճանապարհը ձգվելու է Մեղրիից մինչև Գագարին բնակավայր: