ԱԱԾ պետին եւ Արթուր Բաղդասարյանին
Ստորև ներկայացնում ենք ՛՛Թռչկան՛՛ քաղաքացիականնախաձեռնության բաց նամակը Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանին վարձակալությամբ տրամադրելու խնդրի հետ կապված՝ ուղղված ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ա. Բաղդասարյանին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն պարոն Գորիկ Հակոբյանին։
“Հարգարժան պարոնայք,
Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց Հայաստանը, (մասնավորապես Սյունիքի մարզը) և Իրանը, (մասնավորապես Արևելյան Ադրբեջան նահանգը), պատրաստվում են ստորագրել ինչ որ համաձայնագիր (հուշագիր), որով Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից մի քանի հազար գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արածեցման համար։
“Օրեր” Եվրոպական անկախ ամսագիրը (http://orer.eu/archives/3596) և Asbarez.com-ը (http://asbarez.com/107709/iran-armenia-vow-to-strengthen-economic-ties/) հունվարի 16-ի իրենց համարներում նշում են, որ նույն օրը Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է ինչ որ հուշագիր։
Սոցիալական ցանցերը ողողված են այս նյութով, ծավալվել են լայնածավալ քննարկումներ։ Մեր և հանրության լայն շերտի մոտ առաջացել է դժգոհություն և մտավախություն, որ սա կարող է իսկապես իրականություն լինել, քանի որ մենք մեր իրականությունից չենք հեռանում. եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշում ընդունել Քաջարան գյուղը տարհանելու վերաբերյալ, ապա այս հարցին միանշանակ առանց հետևանքների մասին մտածելու ու կշռադատելու, կարող է լուծում տալ։
Անհասկանալի է նաև, թե ինչու ձեր ղեկավարած կառույցները մինչ օրս չեն անդրադարձել սույն հարցին և չեն հայտնել իրենց դիրքորոշումը կնքվող հուշագրի վերաբերյալ։
Ողջունում ենք Հայ-Իրանական տնտեսական համագործակցությունը, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ նախևառաջ պետք է հայ գյուղացու համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծել իր գործով զբաղվելու համար, հետո նոր մտածել Իրանի կամ այլ պետության հետ համագործակցության մասին։
Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը. արդյոք այս հուշագրի ստորագրումը չի սպառնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Եթե ոչ, ապա խնդրում ենք հիմնավորել։ Եթե կիսում եք մեր մտահոգությունները, ապա առաջարկում ենք անհապաղ հանդես գալ հայտարարությամբ և կտրուկ քայլեր ձեռնարկել այս գործընթացը կասեցնելու համար։
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ նմանատիպ ցանկացած որոշում կայացնելուց, առավել ևս առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց նրա գիտության։ Առանց հանրության կարծիքը հաշվի առնելու և խնդիրը լրիվ ու բազմակողմանի ուսումնասիրելու, որևէ հուշագիր կամ պայմանագիր չպետք է կնքվի ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։
Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի համաձայն ստույգ և հավաստի տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, 2012թ. դեկտեմբեր ամսին դիմել էինք ՀՀ տարածքային կառավարման նախարարին և ՀՀ Սյունիքի մարզպետին, սակայն նրանցից ստացել ենք անորոշ և ոչ հստակ պատասխաններ։
Ստորև ներկայացված են մամուլից որոշ այլ հղումներ։
http://mitk.am/%D5%BD%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%A8-%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3-%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%BE %D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82/
http://168.am/2013/01/12/163281.html#.UPFU75RPwXk.facebook
http://168.am/2013/01/17/165710.html
Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պաշտոնական և հրապարակային արձագանքը: Հուսով ենք, որ այն կլինի ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության”։
18.01.2013թ.
“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնություն