Հոլանդահայերը նշում են Հրանտ Դինքի մահվան 5- ամյա տարելիցը
Դեռ թարմ են հիշողությունը,երբ 2007 թվականի հունվարի 19-ին,օրը ցերեկով իր խմբագրած “Ակոս” թերթի գրասենյակի առջեւ սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը:
Անցել է 5 տարի:Միջազգային հանրության հետ նաեւ Հոլանդիայի հայ համայնքն ու կազմակերպություները չեն կարող շրջանցել այս ողբերգական տարելիցը, մանավանդ, երբ սպանության կազմակերպիչները չեն դատապարտվել ըստ արժանվույն: Ավելին Թուրքիայում շարունակաբար ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները: Մերթ ընդ մերթ բնույթ են ստացել հայերի սպանությունները: Հենց ապրիլի 24-ին(2011թ.) սպանվեց Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող 25-ամյա Սեւակ Շահին, իբր թուրք ծառայակիցն “անզգույշ” է վարվել իր զենքի հետ: Անցյալ տարի հարձակում էր կատարվել տարեց հայ կնոջ վրա, որի կյանքը հաջողվել էր փրկել, սակայն նա զրկվել էր մի աչքից:Բոլորովին վերջերս էլ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի իր տան մեջ ավազակային թափթփուկները դաժան կերպով սպանել են տեղի հայկական դպրոցի 40-ամյա ուսուցիչ Իլքեր Շահինին:
Մինչեւ ե՞րբ թուրքիայի իշխանությունները պետք է աչք փակեն, ժամանակը չէ՞ ջանքեր գործադրելու ազգայնամոլությանան ու անհանդուրժողականության դեմ:
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան(FAON) այս կապակցությամբ մամլո հաղորդագրություն է հրապարակել: Այս մտահոգություները փոխանցելու են Նիդերլանդների կառավարությանն ու խորհրդարանին:
Նաեւ ծրագրվել են մի շարք միջոցառումներ` հարգելու Հրանտ Դինքի հիշատակը:
Հունվարի 19-ին, շաբաթ օրը, ժամը 16-ից Ասենում կմատուցվի Հայ Առաքելական Եկեղեցու պատարագ: Եկեղեցական արարողությունը տեղի կունենա Ասեն քաղաքի Սուրբ Աթանաս ղպտիական եկեղեցում: Այնուհետեւ ծաղիկներ կդրվեն Ասենի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ գտնվող Հրանտ Դինքի հուշարձանին “Բոսկամպ” գերեզմանոցում:
Նույն օրը ժամը 19.30-ին Ալմելո քաղաքում կկայանա Հրանտ Դինքի ոգեկոչման հուշ-երեկո: Այս միջոցառումը կազմակերպել է Ալմելոյի “Երեւան” հաստատությունը: Կարդացվելու է դասախոսություն Հրանտ Դինքի կենսագրության եւ նրա գործունեության մասին, անրադարձ կկատարվի արդեն 6 տարի ձգձգվող կասկածելի դատավարության ընթացքին:
“Նիդերլանդական օրագիր”