Դժվար չէ՞ կալանավորների հետ շփվելը
Հայաստանի և Արցախի քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունն արդեն կայացած իրողություն է: Դեռևս քսան տարի առաջ ներկայիս Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ‘’Կոշ’’ ՔԿՀ-ի այցելու հովիվ է նշանակվել Տեր Կարապետ ավագ քահանա Գըլըճյանը, ով մինչ օրս էլ շարունակում է իր հովվական ծառայությունը նշյալ հիմնարկում: Բայց վերջին տարիներին, շնորհիվ Մայր Աթոռի ՔԿՀ հոգևոր սպասավորության բաժնի, ավելի համակարգային բնույթ է ստացել հոգևորականների այցելությունները ՔԿ հիմնարկներ:
Այս թեմայի շուրջ Henaran.am-ը զրուցեց ՔԿՀ հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ: Հայր Սուրբը նշում է, որ աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա երկրներին էլ բնորոշ է բանտային հոգևոր ծառայությունը. ‘’Դա ավետարանական ակունք ունի, բխում է Քրիստոսի այն խոսքից, թե՝ ‘’բանտում էի, և ինձ այցելության եկաք’’:
Հայր Ռուբենը մեզ պատմեց, որ հայ իրականության մեջ էլ դեռևս հնագույն ժամանակներից եղել է բանտեր գնալու, բանտարկյալներին հոգեխնամ ծառայություն մատուցելու ավանդույթը, սակայն այն ընդհատվել է խորհրդային միության տարիներին և վերականգնվել արդեն ՀՀ անկախության տարիներին:
”Նմանօրինակ հոգևոր ծառայությունը շատ բնական է, դատապարտյալները եկեղեցի չեն կարողանում գալ, մենք ենք գնում իրենց ընդառաջելու”: ՔԿՀ հոգևոր պատասխանատուի վկայմամբ` այսօր ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում էլ կան հոգևոր անկյուններ՝ եկեղեցիներ, մատուռներ կամ խաչքարեր: Աշխարհի մի շարք երկրներում նույնիսկ բանտային հոգևորականը պետական ծառայող է համարվում, համապատասխան զինվորական աստիճանով:
Հոգևորականն ուրախությամբ է արձանագրում, որ տարեցտարի ավելանում է Մայր Աթոռի ուշադրությունը այս ոլորտի ծառայությանը. ”Եթե մի քանի տարի առաջ ընդամենը մեկ-երկու հոգևորականներ էին ծառայության կոչված բանտային ոլորտում, այսօր նրանց թիվն արդեն հասել է ութի”:
Հարցին, թե կալանավորների հետ շփվելիս արդյոք դժվարություններ չեն առաջանում, հոգևորականը պատասխանեց, որ հոգևոր ծառայությունն առհասարակ դժվարին, պատասխանատու, միևնույն ժամանակ քաղցր ծառայություն է: Իսկ հոգևորականի և հոգևորի կարիքը բանտերում, սահմանափակ տարածքում, հաճախ ավելի ակնառու է, քան ազատության մեջ: