10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին

Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին, եւ քանի որ սա 2013-ի առաջին հանդիպումն էր, շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2013 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների տարի:

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների եւ 2013 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորը ամփոփեց բուհի 2012 թ.-ի ուսումնագիտական եւ ֆինանսատնտեսական տարին՝ միաժամանակ նախանշելով 2013 թ.-ի անելիքներն ու ցուցանիշները:

Ելույթում Կորյուն Աթոյանն անդրադարձավ ուսումնամեթոդական աշխատանքներին, ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանը, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպման, ուսումնադաստիարակչական հարցերին, հասարակայնության հետ կապերին, շարունակական կրթությանը, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը եւ այլ հարցերի:

Կորյուն Աթոյանը խորհրդին ներկայացրեց նաեւ օրակարգի երկրորդ` ՀՊՏՀ-ում հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հարցը: Նման կառույցի ձեւավորման անհրաժեշտությունը բուհի ղեկավարը հիմնավորեց կրթության որակի եւ մրցունակության բարձրացման հանգամանքով` նշելով, որ հետազոտական կենտրոնի նպատակն է լինելու խրախուսել եւ աջակցել երկրի տնտեսական քաղաքականության հիմնախնդիրների ուսումնասիրությունը: Հովիկ Աբրահամյանը` ողջունելով այս նախաձեռնությունը, հնարավոր համարեց հետազոտական կենտրոնի համագործակցությունը խորհրդարանի համապատասխան կառույցների հետ:

Պարոն Աբրահամյանի գնահատմամբ՝ կրթության որակի բարելավմանն ու ընդհանրապես բարեփոխումներին ուղղված մեծ աշխատանք ու ծրագրեր են իրականացվել, որոնք էլ հանգամանալից արտացոլված են կազմված հաշվետվության մեջ: Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ առաջին անգամ է, որ հաշվետվության մեջ այս թափանցիկությամբ մատնանշվել են նաեւ թերությունները: Սա ողջունելի մոտեցում համարելով՝ խորհրդարանի ու բուհի խորհրդի նախագահն ասաց, որ պետք է ամեն ինչ անել դրանք շտկելու համար:

Քվեարկությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդն ընդունեց օրակարգային հարցերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ