23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այն ժամանակ միանգամից մացառուտներ են փախչելու այն մարդիկ, ովքեր այսօր «ոչ» են ասում»

Արթուր Կիրակոսյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն-Պարո՛ն Նախագահ, նախկինում Դուք սահմանադրական փոփոխությունների և առավել ևս, կառավարման խորհրդարանական համակարգի համոզված կողմնակիցը չէիք: Այն ժամանակ, երբ հրապարակվեց հայեցակարգը, Դուք հիշեցիք Ձեր նախկին հայտարարությունները հօգուտ գործող Սահմանադրության և նաև մտահոգություններ հայտնեցիք, թե փոփոխվելու դեպքում՝ խորհրդարանական կառավարման պարագայում, ինչպես են ապահովվելու երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը: Հիմա, դատելով այսօրվա զրույցից, կարո՞ղ ենք համարել, որ այդ մտահոգությունները իսպառ փարատված են, և Դուք կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից եք: Եթե այո, ապա հանրաքվեից հետո, եթե արդեն խորհրդարանական կառավարման համակարգ ունենանք, ապա ինչո՞վ է զբաղվելու արդեն նախկին Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյան- Նախ պետք է ասեմ, որ ես Ձեր շտապողականությունը չեմ կիսում, և ինձ կարող են երեք տարի հետո ասել՝ նախկին Նախագահ:

Արթուր Կիրակոսյան– – Լավ, երեք տարին լրանալուց հետո:

Սերժ Սարգսյան– Դա արդեն այլ բան է: Իսկ դրա մասին ես կարծում եմ կխոսենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո. հիմա շատ վաղ է այդ մասին խոսելը, և այս կարևոր թեման, չեմ կարծում, որ համադրելի է իմ քաղաքական ապագայի թեմայի հետ: Սա՝ մեկ: Երկրորդ՝ պատասխանելով գործընկերներիցդ մեկի հարցին, ես ասացի, որ եթե մեր երկրում լիներ մաքուր նախագահական կառավարում, միգուցե, չգնայի և հավանականությունը շատ մեծ է, որ չէի գնա այսպիսի բարեփոխումների, որովհետև, նորից եմ կրկնում, այն վտանգը, որի մասին ես ասում եմ, այլ վտանգներ էլ գոյություն ունեն նախագահական համակարգի պարագայում, բայց նշածս վտանգը առկա չի լինի: Ցավոք, էլի եմ ասում, մեր երկիրը նախագահական կառավարման երկիր չի` կիսանախագահական է, որտեղ գործադիր ֆունկցիաները որոշակի պարագաներում կիսում են Կառավարությունն ու Նախագահը, որտեղ Կառավարության ձևավորումը կիսում են Խորհրդարանն ու Նախագահը: Միգուցե, պրակտիկ կյանքում, կենցաղում լավ է կիսելը, բայց երբ խոսքը վերաբերվում է անվտանգությանը, այստեղ իրավունք կամ պատասխանատվություն կիսելը շատ վտանգավոր է: Եվ համոզված եղեք, եթե ես 100 տոկոսով վստահ չլինեի առաջարկվող համակարգի ֆունկցիոնալության վրա, չէի գնա այսպիսի փոփոխությունների, որովհետև, ի վերջո, պատասխանատվությունը շատ մեծ է, չէ՞: Ինչո՞ւ պիտի, չունենալով լրջագույն պատճառներ, ես գնայի այսպիսի փոփոխությունների: Որքան էլ ես հարգեմ Դաշնակցությանը, որ արդեն 25 տարի է ասում է, որ մեր երկրում խորհրդարանական կառավարում պետք է լինի, որքան էլ ինձ համար նշանակություն ունենար «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» դիրքորոշումները՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին, ես չէի գնա այդպիսի փոփոխությունների: Բայց տեսնել վտանգն ու ոչինչ չձեռնարկել, իմ պարագայում՝ ես հանցագործություն եմ համարում: Աստված տա, որ դեկտեմբերի 6-ին նորմալ քվեարկություն լինի, փոփոխությունները անցնեն, ամեն ինչ հարթվի: Եվ Աստված մի արասցե, եթե գործող Սահմանադրությունը մնա, և հետո դժվարին պայմաններում, մեր երկրում խժդժություններ սկսվեն, անկայունություն սկսվի, այն ժամանակ, գոնե կասեմ՝ ես ժամանակին առաջարկել եմ՝ տեսնելով այս վտանգը: Իհարկե, այն ժամանակ միանգամից մացառուտներ են փախչելու այն մարդիկ, ովքեր այսօր «ոչ» են ասում: Բայց ի՞նչ, ավելի լավ է վատ բանը իրականությու՞ն դառնա, որ հետո ասենք՝ տեսեք մենք ճի՞շտ էինք, թե՞ փորձենք մեր տեսածը, մեր ապրածը, այդ ճանապարհի ընթացքում մեր ձեռքբերածը մեջտեղ բերել և ասել, որ ճիշտ ճանապարհը սա՛ է: Եթե հիշում եք, 1995 թվականին էլ կային քննադատություններ մեր առաջին Սահմանադրության վերաբերյալ: 2003 թվականին ընդհանրապես փոփոխությունները չանցան: 2005 թվականին էլ էին քննադատությունները շատ: Այսինքն` քննադատելը հեշտ է մի փաստաթղթի, որում շատ ջանք է ներդրված և որը շոշափում է, առնչություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ