ՊՆ Ուրալը վթարի է ենթարկվել.կա զոհ /լրացված
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, ‘’Ուրալ’’ մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը:
Այս մասին shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Լևոն Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի հրշեջ-փրկարարական խումբը՝ երկու մարտական հաշվարկով:
Ֆոտլրագրողը հայտնում է, որ ժամանում են նաև Պաշտպանության Նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ ձորը շրջված ”Ուրալը” Պաշտպանության Նախարարության հաշվեկշռում է գրանցված, իսկ մահացածն ու վիրավորը՝ զինվորականներ են:
Վերամբարձ կռունկով փրկարարները փորձում են դուրս բերել ավտոմեքենան ձորից: ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է՝ մահացածը Վայք քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վարորդը, իսկ վիրավորը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Հուսիկ Ստեփանյանն է:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ավտովթարի փաստը: Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, վթարված մեքենայում եղել են երկու զինվորական` մեկ սպա եւ մեկ պայմանագրային զինծառայող: Այլ մանրամասներ ՊՆ խոսնակը խոստացավ փոխանցել ավելի ուշ:
ժամը 19.47
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, հունվարի.16-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գեւորգյանն իրեն ամրակցված “Ուրալ” մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով Ա.Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Վերջինս գտնվում է Վայքի հիվանդանոցում, վիճակը գնահատվում է ծանր:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 377 հոդ. 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: