ԿԸՀ-ն հաստատեց թեկնածուների քարոզարշավի եթերաժամը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններին թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից եւ ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:
Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
ա) 2013թ. հունվարի 21-ից մինչեւ 2013թ. փետրվարի 1-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով.
բ) 2013թ. փետրվարի 2-ից մինչեւ 2013թ. փետրվարի 10-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով.
գ) 2013թ. փետրվարի 11-ից մինչեւ 2013թ. փետրվարի 16-ը ներառյալ՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար եւ մինչեւ 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
ա) 2013թ. հունվարի 21-ից մինչեւ 2013թ. փետրվարի 7-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 3-ական րոպե վճարովի հիմունքներով.
բ) 2013թ. փետրվարի 8-ից մինչեւ 2013թ. փետրվարի 10-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով.
գ) 2013թ. փետրվարի 11-ից մինչեւ 2013թ. փետրվարի 16-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար եւ մինչեւ 4-ական րոպե վճարովի հիմունքներով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաեւ 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրությունների թեկնածուներին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում դրա փոխարեն թեկնածուին այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաեւ թեկնածուին տրամադրված եթերաժամն այլ թեկնածուի կողմից օգտագործվել չի կարող:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է նաեւ 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 884-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 619-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 110-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 110-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 110-ական: