Որ ես Լեքսուս էի քշում, էպոսագետն էշ էլ չուներ… պատգամավոր
‘’Մենք Աստծո դեմ պայքարելու ոչ մի զենք չունենք: Մենք անզոր ենք նրա դեմ պայքարելու, եթե ինքն Աստծո հետ ուղղակի կապի մեջ է եւ այդպես որոշվել է, մենք դրա դեմ զենք չունենք…Դա ընդամենը զառանցանք եմ համարում’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարությանը, թե Աստված որոշել է, որ ինքն է հաղթելու նախագահական ընտրություններում, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Նա հավելել է, որ եթե վերջինս իրեն էպոսագետ է հռչակել, պետք է որ հաստափոր գիտական աշխատություններ ունենար: Անդրադառնալով խոսակցություններին, թե Վարդան Սեդրակյանը Ռուսաստանի հատուկ ծառայությունների դրածոն է, Համլետ Հարությունյանն ասել է.’’Մեր պետությունը կայացել է, ժողովրդի քաղաքական հասունությունը կայացել է’’: Նրա խոսքով, ինչպես մանր կուսակցություններն անհետացան քաղաքական ասպարեզից, այնպես էլ այդ մտայնությունը, թե այս կամ այն գործչին այս կամ այն պետությունն է ուղարկել, կվերանա:
Հարությունյանն ասել է, որ փորձ է արվում վարկաբեկել նախագահական ինստիտուտը.’’Ես կուզենայի, որ մենք չփորձեինք վարկաբեկել նախագահի ինստիտուտը, ախր պետություն ղեկավարելը հեշտ գործ չէ, եթե դու գեներալ ես, գոնե մի դասակ պետք է ղեկավարած լինես’’:
Լրագրողները, ակնարկելով Վարդան Սեդրակյանի հայտարարությունը, Համլետ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե նա Լեքսուս ունի: ‘’Էդ ի՞նչ է’’-նախ հարցրեց պատգամավորն ու հավելեց.’’ Երբ ես Լեքսուս էի քշում՝ էպոսագետը էշ էլ չուներ’’: Համլետ Հարությունյանը հստակեցրեց, որ իր ժամանակվա Լեքսուսը ‘’31’’-ն էր, որից ինքը ունեցել է. ‘’Դրանք ժամանակավոր բաներ են, լեքսուսները հեշտ ձեռք են բերվում, հեշտ էլ կորցնում են’’:
Ինչ վերաբերվում է նախագահի մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանի հորդորին մյուս թեկնածուներին` ինքնաբացարկ հայտարարել եւ Սերժ Սարգսյանին մենակ թողնել, Հարությունյանն ասել է՝ ինչի ՞ համար: ՛՛Եթե ավելի լուրջ գործիչների, որ վախեցան իրենց թեկնածությունը դնել գործող նախագահի դեմ, սա էլ նման քայլ է, գիտեն, որ պարտվելու են, հանում են նախապես’’: